Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ընդդիմադիրների դիմումը, որը վիճարկում է ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։
Նշվում է, որ դիմումն ընդունվել է մոտ երկու ամիս անց։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրատվամիջոցին հայտնել է, որ դիմումն ընդունվել է թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, թե՛ դատարանի աշխատակարգի կետերի խախտմամբ։ Պատգամավորը շեշտել է, որ Բարձր դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ:
Միևնույն ժամանակ՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանն «Ազատությանը» միայն կարճ փոխանցել է, որ իրենք օրենք չեն խախտել:
«Ոչ մի ժամկետ չի խախտվել, բոլորն օրինական, օրենքով, Սահմանադրական դատարանի մասին օրենսդրության տառին և նորմերին համահունչ, այդ դիմումի քննարկումն ընթացել է, և այսօր քննության է ընդունվել»,- ասել է Սաֆարյանը:
Հուլիսի 15-ին հայտնի էր դարձել, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում էին ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը, ըստ էության, միտված օրենքները։
Armenia Today