ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան է համարել ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլատրում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացումը։ Դրանով ՍԴ-ն «սահմանադրական է» համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը։
ՀՀ խորհրդարանը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ Դատարանը մերժել է ընդդիմադիր պատգամավորների՝ 2025 թվականի հուլիսին ՍԴ ներկայացրած դիմումը, որով վիճարկում էին ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։
ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է համարել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» մի շարք օրենքներ:
Որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից, ասվում է դատարանի որոշման մեջ։ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում:
2025 թվականի նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան՝ չնայած Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային դատարանի կողմից ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերի արգելքին։ Ընկերությունը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին, որը կալանավորվել էր եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո: Կարապետյանի ընտանիքը միջազգային արբիտրաժում պահանջում է 500 մլն դոլարի փոխհատուցում՝ կապված ՀԷՑ-ի իրավիճակի հետ։
Armenia Today
