ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս դատախազության։
Քոչարյանը պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումն ու փոխհատուցել ոչ նյութական վնասը՝ 2 մլն ՀՀ դրամի չափով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 3-ին, մակագրվել դատավոր Երեմ Եսոյանին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը գործին առնչվող մանրամասներ ներկայացրեց։
«Նախաձեռնված վարույթ կա, սակայն դատավարությունը դեռ չի էլ սկսվել։ Մենք ակնկալում ենք, որ նա պետք է արդարացվի, և հանկարծ մեղադրող դատախազը Հանրային հեռուստաալիքի եթերում այնպիսի հայտարարություններ է անում, իբրև թե արդեն հաստատված է Սեդրակ Քոչարյանի կողմից հանցագործություն կատարած լինելը։ Բնականաբար, պարոն Քոչարյանի համար անընդունելի է եղել, որ իր մասին նման տեղեկություններ են տարածվել»,- նշեց Ալումյանը։
Սեդրակ Քոչարյանին առնչվող գործը Հակակոռուպցիոն քրեական դատարան է ստացվել հունիսի 17-ին։
Ըստ մեղադրանքի՝ Սեդրակ Քոչարյանը, լինելով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները` միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:
Որից հետո, նպատակ ունենալով քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը, գույքին օրինական տեսք տալու նպատակով այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, տնօրինելու և այդ եկամուտները գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով:
Հայկ Ալումյանն ընդգծեց՝ Հայաստանում անմեղության կանխավարկածի խախտումը համատարած է, սակայն անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչելու պահանջով հայցերը շատ քիչ են։
«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս դատախազության և քննչական ապարատի, շատ հաճախ այնպիսի հրապարակումներ է անում, որ անթույլատրելի է։ Գործերը դեռ դատարանում են։ Այսինքն՝ դեռ չավարտված գործի մասին այնպիսի հաստատողական բնույթի հայտարարություն են անում, որ անկողմնակալ մարդու մոտ տպավորություն է՝ այդ մարդը կատարել է հանցագործությունը, մեղքն ապացուցված է, պարզապես դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել»,- նշեց Ալումյանը։
Նա հույս հայտնեց, որ այս գործի և՛ ընթացքը, և՛ արդյունքն այնպիսին կլինեն, որ նման բաներ այլևս չեն լինի։
Ալումյանը հավելեց՝ անմեղության կանխավարկածի խախտման դեպքեր միշտ են եղել, բայց նախկինում իրավապաշտպան կազմակերպությունները, տարբեր հասարակական կառույցները միանգամից աղմուկ կբարձրացնեին, միջազգային կազմակերպությունները հայտարարություններ կանեին, իսկ հիմա քար լռություն է։
«Այս հարցում ես նահանջ եմ տեսնում»,- ասաց փաստաբանը։
Գործի վերաբերյալ կանխատեսումներ անել փաստաբանը չցանկացավ։ Շեշտեց՝ պայքարելու են, ու վստահ է՝ շահելու են դատը։
Հիշեցնենք, որ 2024թ․ հոկտեմբերին հայտնի դարձավ, որ դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից ու նրա կնոջից՝ Զարուհի Բադալյանից, պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ գույք, պարտատոմսեր ու այլ ֆինանսական միջոցներ։ Մասնավորաբար, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք, Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, ինչպես նաև 11 իրավաբանական անձում մասնակցություն։