Логотип

Սենեգալի ափերի մոտ լցանավի վնասումից հետո՝ թուրքական ընկերությունը դադարեցրել է ՌԴ-ի հետ համագործակցությունը

Թուրքական «Besiktas Shipping» ընկերությունը, որը նավթային լցանավի սեփականատերն է և որը անցյալ շաբաթ վնասվել է Սենեգալի ափերի մոտ չորս արտաքին պայթյունների հետևանքով, երեքշաբթի օրը հայտարարել է, որ դադարեցնում է բոլոր նավագնացության գործողությունները, որոնք կապված են ռուսական շահերի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Մերսին» նավը խարիսխ է գցել Դաքարի մոտ, երբ նոյեմբերի 27-ին տեղի են ունեցել չորս պայթյուններ, որոնց հետևանքով ծովի ջուրը ներթափանցել է շարժիչի հատված։ Պայթյունների պատճառն անհայտ է։

Besiktas Shipping-ն իր հայտարարության մեջ հայտարարել է, որ անմիջապես դադարեցնում է Ռուսաստանի հետ բոլոր գործողությունները և այլևս չի իրականացնի Ռուսաստանի հետ կապված որևէ նավարկություն։

«Մեր ողջ գործունեության ընթացքում մենք խստորեն պահպանել ենք պատժամիջոցների բոլոր միջազգային ռեժիմները, լիովին հետևելով G7/ԵՄ գների սահմանափակման մեխանիզմին և բոլոր համապատասխան առևտրային սահմանափակումներին, – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ – Այնուամենայնիվ, տարածաշրջանում անվտանգության իրավիճակը զգալիորեն սրվել է։ Մանրակրկիտ գնահատումից հետո մենք եկանք այն եզրակացության, որ մեր նավերի և անձնակազմի հետ կապված ռիսկերը դարձել են անընդունելի։ Քանի որ մեր անձնակազմի և ակտիվների անվտանգությունը մեր բարձրագույն առաջնահերթությունն է՝ մենք դադարեցնում ենք բոլոր նման գործողությունները»։

News.am