Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստին հարցաքննվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը։
Նշենք, որ դատական նիստն անցկացվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Փաստաբան Նորայր Նորիկյանը Մելքումյանից հետաքրքրվեց հրդեհի առաջացման, դրանից հետո կացարանի պատերի վիճակի և մի շարք այլ հարցերի մասին։
«Կացարանի պատերին քերծված հետքեր կան, ծնողների մոտ էլ տպավորություն է, որ պայթյունից հետո «ասկոլկաների» հետքեր են։ Բացի այդ, հրդեհից հետո պատերը սևանում են, բայց դրանք բավականին բաց են»,- ասաց Նորիկյանը։
Մելքումյանը շեշտեց՝ եթե հրթիռի կամ ականի պայթյուն լիներ, ապա կլինեին բազմաթիվ բեկորային վնասվածքներ, բայց նմանատիպ շարվածք չէր լինի պատերին։
«Իմ պրակտիկայում առաջին անգամ եմ տեսնում նման պատկեր, հրթիռից կամ ականի պայթյունից նման բան չէր կարող լինել։ Չեմ կարող ասել, թե ինչից է դա եղել։ Ինչ վերաբերում է պատերի ծեփաշերտին, որ թափված է եղել, ապա դա եղել է հրդեհաշիջման արդյունքում, քանի որ համատարած ջուր է օգտագործվել։ Ըստ երևույթին ծեփաշերտը թույլ է եղել կպած, շատ հեշտ թափվել է գետնին։ Այլ բացատրություն չունեմ»,- նշեց Մելքումյանը։
Նորիկյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպես կարող է փորձագետը բացատրել այն հանգամանքը, որ զրահաբաճկոնների մի մասը նույնիսկ չի այրվել կամ կիսատ է այրվել, այն էլ նման մասշտաբի հրդեհի դեպքում։ Մելքումյանն էլ ընդգծեց՝ երևի այդ հատվածում ջերմային ազդեցությունն ավելի թույլ է եղել։
Այս և մի քանի այլ հարցից հետո նիստերի դահլիճում լարված մթնոլորտ առաջացավ։ Տուժող կողմին դուր չեկավ, թե Դավիթ Մելքումյանն ինչ պատասխաններ է տալիս հարցերին։ Նրանք փորձում էին ճշտել, թե ըստ փորձաքննության ինչպես է կրակը տարածվել ողջ կացարանում, դեպքի վայր հասնելուն պես ինչ պատկեր է եղել այնտեղ ու մի շարք այլ հանգամանքներ։
«Եկել ենք այստեղ, զառանցանք ենք լսում։ Ինչ ասում ենք, ասում է՝ չգիտեմ, բա ինչի համար եք եկել։ Հելեք, ռադ եղեք ամեն մեկդ ձեր տուն, գլխավոր մուտիլովչիկն ասել է, պեչատն էլ խփել է տակը»,- զայրացած ասաց տուժողի հարազատներից մեկը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Նորիկյանը նաև հայտնեց, որ իրենց համար Մելքումյանի պատասխանները բավականին ուշագրավ են եղել։
«Ըստ էության, փորձագետ ընդգծեց, որ փայտով վառվող վառարանից հնարավոր չէ շմոլ գազի արտանետում։ Սա շատ էական է, քանի որ զոհված զինծառայողների մահվան պատճառը հանդիսացել է շմոլ գազը և ջերմային ներգործության միջոցը։ Ըստ էության, դրանով փորձագետը հստակ մատնանշեց, որ վառարանից արտանետված ծուխը չէր կարող շմոլ գազ առաջացնել։ Հետևաբար, մենք դատաբժիշկների հարցաքննության կհրավիրենք և կփորձենք նրանցից ստանալ պատասխանները, թե այդ դեպքում ինչպես է առաջացել շմոլ գազը կացարանում և ինչով է պայմանավորված նման որոշումը»,- ասաց Նորիկյանը։
Փաստաբանի խոսքով՝ պաշտոնական վարկածի համաձայն գլխավոր մեղադրյալ Եղիշե Հակոբյանն է բեզնին լցրել վառարանում, հրդեհի օջախն էլ վառարանի մոտակա տարածքներն են եղել, բայց փորձագետը չի կարողացել այդ հարցին պատասխանել։ Ընդգծել է՝ չի կարող հաստատել, որ վառարանը վառվել է հենց բենզինով։
Փաստաբանը դատական նիստի ժամանակ նաև ընդգծել է, որ ցանկանում է, որպեսզի այդ օրվա հրդեհի պահը կրկին վերականգնվի ու փորձեն հասկանալ՝ արդյոք կարող էր նման գործողությունների ընթացքում այդպիսի հրդեհ առաջանար, իսկ ողջ մնացած զինվորներն էլ չկարողանային հանգցնել հրդեհը, զոհվածներն էլ՝ չարթնանային ու մահանային։
Փորձագետը նշել է, որ հրդեհատեխնիկական փորձաքննությունների պրակտիկայում, ըստ էության, երբեմն նման փորձառություններ իրականացրել են, այսինքն` նման բան հնարավոր է անել։
«Մենք համապատասխան փուլում նման միջնորդություն կներկայացնենք դատարանին, որ իրականացվի քննչական փորձարարություն, ինչը հնարավորություն կտա հնարավորինս վերականգնել դեպքը կենդանի ուժի ներգրավմամբ։ Չգիտեմ` դատարանն ինչ որոշում կկայացնի, բայց տուժող կողմն այդ առումով հետևողական է լինելու, փորձելու է հասկանալ՝ արդյոք այդ ծավալի բենզինի օգտագործմամբ առաջացած հրդեհը հնարավոր չէր հանգցնել, ինչը հանգեցրեց նման ողբերգության»,- ասաց Նորիկյանը։
Նա նաև շեշտեց, որ այսօր քրեական վարույթով նախատեսած բոլոր վկաների հարցաքննություններն արդեն ավարտվել են։
Հաջորդ դատական նիստը կայանալու է դեկտեմբերի 5-ին, այդ օրը սկսվելու է գրավոր ապացույցների հետազոտման փուլը։ Դրանից հետո դատարանում հետազոտվելու են իրեղեն ապացույցները, իսկ դրանց ավարտից հետո արդեն սկսվելու է մեղադրյալների հարցաքննությունը։ Այդ ժամանակ հարցաքննվելու են Եղիշե Հակոբյանը և մնացած 4 մեղադրյալները։
Նորիկյանը շեշտեց՝ հիմնական դատալսումների ավարտից հետո Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս՝ ապացույցների ծավալը լրացնելու վերաբերյալ համապատասխան միջնորդությամբ հանդես գալ։
Հենց այդ փուլում տուժող կողմի փաստաբանը պատրաստվում է մի շարք միջնորդություններ ներկայացնել։ Նորիկյանը նաև հայտարարեց, որ տուժող կողմը նաև միջնորդելու է՝ դատարան հրավիրել և հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, այլ իրավասու պաշտոնատար անձանց, հասկանալու, թե ի վերջո 2023 թվականի հունվարի 19-ի կառավարության նիստում, ովքեր են նման տեղեկություններ հաղորդել, ինչո՞ւ է նման տեղեկություն շրջանառվել վարչապետի, պաշտպանության նախարարի կողմից։
Նշենք, որ հենց դեպքի օրը կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հայտնեց, թե Ազատի զինվորական կացարանում ջեռուցման համար բենզին են օգտագործել։ Անվտանգության կանոնների խախտման հետևանքով վառարանը բռնկվել է, սպան տուժել է և ռեֆլեքսով դեպի զորանոց նետել հինգ լիտրանոց բենզինի տարան, որն օգտագործվում էր վառարանը վառելու համար։
