Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ու Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը դրական է։ Այս մասին News.am–ի հետ զրույցում նշեց Չինաստանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։
«Ես աշխատել եմ Չինաստանում, ճանաչում եմ երկիրը և միշտ կողմնակից եմ եղել Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելուն, զարգացնելուն։ Մյուս կողմից այս բոլոր կետերը, որոնք նշված են փաստաթղթի մեջ, նորություն չեն, իրենք միշտ եղել են օրակարգում, սկզբունքորեն նորություն չկա։ Եթե համեմատենք այն փաստաթղթի հետ, որ ստորագրվել է նաև Ադրբեջանի հետ, ապա պրակտիկորեն նույն է։ Այդտեղ մատնանշում է, օրինակ, միջին միջանցքում Ադրբեջանի կարևոր դերը։
Բայց մի բան է ստորագրել, մի բան է՝ իրականացնել դա։ Այդ իրականացումը կաղում է և կաղում է հիմնականում տնտեսական մասով։ Այսինքն պրակտիկորեն առ այսօր մենք չունենք ինվեստիցիոն լուրջ ծրագրեր Չինաստանի հետ, չինական ընկերությունների աշխատանքը Հայաստանի տարածքում որպես կապալառու որոշ նախագծերում, ես չեմ դիտարկում որպես ներդրում։ Դա ներդրում չի, դա ուղղակի աշխատանք է։ Լուրջ ծրագրեր չկան, ցավոք սրտի։ Ես հույս ունեմ, որ այս փաստաթուղթը կվերակենդանացնի կամ նոր ստարտ կտա այդ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Բայց այստեղ կա քաղաքական բաղադրիչը. մենք հաստատում ենք Չինաստանի հետ ստրատեգիական համագործակցություն, զուգահեռ մենք ձգտում ենք դեպի Եվրոպա, զուգահեռ հայտարարում ենք հատուկ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, «Թրամփի ճանապարհ» ենք ստեղծում։ Այ սա դժվար է պատկերացնել, մի ամբողջ կաթսայի մեջ այս ամբողջը չի տեղավորվում։
Եթե դուք այսօրվա մամուլը նայեք, ապա արդեն ամերիկյան արձագանքները կան և այդ Շանհայի ֆորումը հայտարարված է որպես հակաամերիկյան քաղաքականության վառ օրինակ։ Հիմա մենք ցանկություն ունենք հայտնում անդամակցելու ՇՀԿ–ին, այսինքն մաս ենք դառնում հակաամերիկյան հարթակի։ Մյուս կողմից մենք Թրամփի ճանապարհ ենք ստեղծում, և ձգտում ենք դեպի Եվրամիություն՝ ասելով Իրանին, որ այդ ամեն ինչը ձեր դեմ ուղղված չի։ Սա ես չեմ պատկերացնում անկեղծ ասած։ Պատկերացրեք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի պետություն հայտարարեր, որ ինքը զուգահեռ Հիտլերյան կոալիցիայի անդամ է և հակահիտլերյան կոալիցիայի անդամ»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլոր դեպքերում ինքը երջանիկ կլինի, եթե այս փաստաթուղթը կարողանա ինչ-որ փոփոխություն մտցնել չինական ընկերությունների և Չինաստանի ակտիվությանը մեր շուկայում։