Логотип

Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ։

«Սերժ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձել 3 մլրդ 337 մլն 557 հազար դրամ։ Բացի այդ, Սարգսյանին ներկայացված մեղադրանքի 4-րդ դրվագով, որը վերաբերում է նաև մեղադրյալ Վալերի Գրիգորյանին, հօգուտ ՀՀ պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 76 մլն 852 հազար ՀՀ դրամ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանի գործով 17-րդ դրվագով, որը նաև Ալեքսան Ալեքսանյանին ներկայացված մեղադրանքներից է, համապարտության կարգով բռնագանձել 526 մլն 520 հազար ՀՀ դրամ»,– ասաց դատախազը։

Մեղադրող կողմը նաև դատավորին միջնորդեց ձեռնարկել գույքային հայցն ապահովելու միջոցներ։

Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդությանը կարձագանքեն մանրամասն ծանոթանալուց հետո։

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին` ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։

Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։

Sputnik Արմենիա