Անմեղության կանխավարկածն ուժի մեջ է, չի կարելի այդպիսի ձևակերպումներ օգտագործել, առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ասենք, նախագահներին, ավելի նուրբ, ավելի զգույշ պիտի լինի պետությունը նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ ձևակերպումներ կատարելիս։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով նրան, որ դատարանում մեղադրող կողմը անընդհատ օգտագործում էր «հանցակից, հանցակիցներ» բառը։
«Այլ ոչ թե նախադասությունը սկսի հանցավոր բառով, մեջտեղը մի հատ հանցավոր էլի բառ օգտագործի և ավարտի էլի հանցավոր բառով։ Սա աբսուրդ է, ես դատական նիստի կարգը չխախտելու համար լսել եմ այդ հանցավորների շղթան ու շատ պարզ ներկայացրել եմ մարդկանց, որ հարգելիներս, այսպես չի դատավարությունը տարվում։ Եթե դուք քրեական դատավարության այդ կարևորագույն սկզբունքից արդեն ձեր ձեռքերը լվացել եք, դա այլ հարց է, եթե դուք ուզում եք հասարակությանը անընդհատ ցույց տաք այդ հանցավոր սխեմաները, դա այլ հարց է, դուք ձեր խնդիրը կատարեցիք և խախտեցիք քրեական դատավարության ամբողջ կառուցվածքը, արդար դատաքննության սկզբունքը»,–ասաց նա։
Անդրադառնալով բուն մեղադրանքի բովանդակությանը, պաշտպանն ասաց. «Արդեն հոգնել ենք այդ մասին խոսելուց, այս փուչ թվերը միլիարդների տեսքով, ես 2018 թվից հանրահավաքներից լսում եմ։ Այստեղ այլ բան չկա, այստեղ քրեական դատավարությունը վերջին դերում է, այստեղ կերակրման գործընթաց է։ Թիվ հնչեցվեց ինչ-որ, աննորմալ թիվ, հիմա ես էդ թվի պատասխանը հաջորդ դատական նիստերին ուզելու եմ, ասելու եմ՝ դե բերեք էդ թիվը տեսնենք ո՞նց ստացաք ու ինչի հիման վրա ստացաք։
Տխրահռչակ դիզելի գործը հիշում եք, ինչ քրեական գործ ասա էս մարդիկ էս տարիների ընթացքում հարուցել են, մենք ամեն ինչ տեսել ենք։ Մենք տեսել ենք Ռաֆիկ Հայրապետյանի մեղադրանքի որոշման խմբագրում, տեսել ենք պարոն նախագահի մեղադրյալի դատավարական կարգավիճակում վկայով հարցաքննել։ Ես հարց եմ բարձրացնում, ասում եմ՝ էս գրողը ի՞նչ հոգեկան վիճակում է եղել այսքան «հանցավոր» բառ գրելու համար։ Հանրային մեղադրողի մոտ զարմանք է առաջանում, որովհետև եթե մարդու մոտ նորմալ վիճակ է, այդքան չի ուզենա օրենքը խախտի, որովհետև եթե մարդ ուզում է այդքան օրենքը խախտի, տրամաբանական հարց է առաջանում, ինչո՞ւ։
Իշխանությունները գնալու հակում ունեն, գաղտնիքները բացահայտվելու հակում ունեն, պատասխանատվությունից խուսափած մարդիկ էլ պատասխանատվության գալու հակում ունեն։ Մենք երեկ չենք ծնվել, վաղը մեռնել չենք պատրաստվում, գնալու ենք ամեն ինչի հետևից»,– հայտարարեց Մակինյանը:
News.am