Ես չեմ կարծում, որ հարվածն իր վրա վերցնելու կամ չվերցնելու խնդիր կա, ես վստահ եմ, որ հանրությունն այո, ի վիճակի է պաշտպանելու իր եկեղեցին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ զարգացումներին։
Դիտարկմանը, որ իշխանությունները քարոզչական տարբեր հնարքներով, «հիբրիդային գործակալների» դեմ պայքարի ինչ-որ անվան տակ պրոցեսներ են սկսել, նա ասաց. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, պետք է առաջարկենք այսօրվա կառավարիչներին, որպեսզի չանե՞ն այդ հակաեկեղեցական քարոզչությունը։ Իրենք իրենց գործը թող անեն, եթե այդպես իրենց ձեռնտու է, հանրությունն էլ իր գործը կանի»։
Անդրադառնալով Ադրբեջանից բենզինի ներկրման փաստին, երրորդ նախագահն ասաց. «Ես մի քանի անգամ խորհուրդ եմ տվել, հիմա էլ խորհուրդ եմ տալիս առանձնապես այդպես լուրջ չվերաբերվել իշխանությունների, կառավարիչների կողմից արած հայտարարություններին։ Հիշու՞մ եք 10 միլիոն ծառի պատմությունը, 44 օր ասում էին՝ հաղթում ենք և այլն։ Այդպիսի 10-15-20-30 օրինակ կարող եմ բերել»։
Ճշտող հարցին՝ սա տնտեսության դիվերսիֆիկացիա չէ՞, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն է, թող փորձեն, թող փորձեն տեսնենք, կերևա»։
News.am
