Логотип

Սերժ Սարգսյան․ Ինչո՞ւ նախկինում Արցախի անկախությունը չճանաչվեց

«Ուղիղ 10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց»,- ՀՀԿ համագումարում ունեցած ելույթի սկզբում հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ Քառօրյա պատերազմի ժամանակ հայկական բանակն ու հայկական դիվանագիտությունը միասին ծառայում էին երկու հայկական պետությունների ու հայ ժողովրդի շահերին։

«Հակառակորդի նպատակները ձախողվեցին, նա չկարողացավ ոչ միայն կոտրել մեր պաշտպանական առաջանագիծը, նաև մեր միասնականությունը, հավատան ու արժանապատվությունը»,- ասաց Ս. Սարգսյանը

Նա անդրադարձավ նաև հաճախ հնչող հարցին, թե ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցին. «Մենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին փոխանցել էինք՝ Հայաստանը երկու դեպքում կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը՝ եթե լինի երկարատև լայնածավալ պատերազմ, երկրորդ՝ եթե Մինսկի խմբի համանախագահները չսաստեն ադրբեջանական դիվանագիտական ոտնձգությունները Արցախի հարցի լուծումը տեղափոխելու այլ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հարթակ։

Երբ Հայաստանի կառավարիչներն են շահարկում, այս հարցին արձագանքս պարզ է՝ Արցախի ճանաչումն այս երկու առիթներից դուրս ինքին կբերեր միջազգային հանրությունից Հայաստանի մեկուսացմանն ու լայնածավալ պատերազմի։

Նախկինների օրոք լայնածավալ պատերազմ չի եղել, չի եղել մեր մարտունակ բանակի, դիվանագիտական արդյունավետ աշխատանքի շնորհիվ, հետևաբար բանակցային գործընթացը հարվածի տակ չի դրվել։ 2020-ի պատերազմն արդեն լայնամասշտաբ էր, աղետալի հետևանքներ ուներ, և չկանգնեցվեց մի վախկոտ, պոպուլիստի պատճառով ու տևեց 44 օր՝ ինչ է թե իրեն դավաճան չասեն»,- ասաց Ս. Սարգսյանը։

Panorama.am