Логотип

Սթարմեր․ Մեծ Բրիտանիան կընտրի Եվրամիության հետ իր կապերը ամրապնդելու ճանապարհը

Մեծ Բրիտանիան կսկսի ամրապնդել իր կապերը Եվրամիության հետ՝ Brexit-ի բրիտանական տնտեսության վրա բացասական ազդեցության պատճառով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Լոնդոնում երկրի տնտեսական իրավիճակի վերաբերյալ ելույթի ժամանակ։

«Մենք պետք է ընդունենք իրականությունը։ Այն Brexit-ի գործարքը, որը մենք ունենք, զգալի վնաս է հասցրել մեր տնտեսությանը։ Ուստի, տնտեսական վերածննդի համար մենք պետք է նվազեցնենք լարվածությունը և շարժվենք դեպի ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ։ Մենք պետք է հասունություն ցուցաբերենք և ընդունենք, որ դա փոխադարձ զիջումներ կպահանջի»,— ասել է կառավարության ղեկավարը, ում ելույթը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը։

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 23-ին։ Անդամակցությունը դադարեցնելու օգտին քվեարկել է բրիտանացիների 51.9%-ը, դեմ՝ 48.1%-ը։ Մի քանի տարվա բանակցություններից հետո Մեծ Բրիտանիան լքել է ԵՄ-ն 2020 թվականի փետրվարի 1-ի գիշերը։

2021 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Brexit-ից հետո անցումային շրջանը, որի ընթացքում Միացյալ Թագավորության նկատմամբ կիրառվել են բոլոր եվրոպական կանոնակարգերը: 2020 թվականի դեկտեմբերին երկու կողմերը հասել են Brexit-ից հետո համաձայնագրի, որը ներառում է ապրանքների և ծառայությունների համար ազատ առևտրի գոտի՝ առանց քվոտաների կամ սակագների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար մինչև 90 օր առանց վիզայի ճանապարհորդություն դեպի ԵՄ և ԵՄ-ից:

News.am