Սևծովյան տարածաշրջանի համար ԱՄՆ ներկայիս ռազմավարությունը լուրջ է և բազմակողմանի, սակայն այն մի քանի ոլորտներում չի հասնում իր առջև դրված նպատակներին։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Սթիվեն Ֆրեդերիկ Սթարը։
«Քանի որ Սևծովյան ափամերձ պետությունները Բալթյան երկրներից պակաս զարգացած և համակարգված են, նրանք Վաշինգտոնից ավելի բարձր մակարդակի նախաձեռնողականություն են պահանջում, քան ներկայում ստանում են։
Բացի դրանից, ԱՄՆ մոտեցումը Սևծովյան գոտու նկատմամբ հաշվի չի առնում, որ Սև ծով ազատ մուտքը բանալին է կովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ Մոսկվայի կամ Պեկինի լիակատար վերահսկողությունից դուրս գալու համար։
Այդ երկրներից երկուսը (Հայաստանը և Ադրբեջանը) վերջերս շրջվել են դեպի Արևմուտք, մինչդեռ Վրաստանը, որն ունի երկու նավահանգիստ Սև ծովում, հավանաբար կվերսկսի իր երկարաժամկետ դրական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ իր ներկայիս կառավարության հեռանալուց հետո, ինչը, հավանաբար, տեղի կունենա Մոսկվայի աջակցության նվազման դեպքում։
Ցանկացած պարագայում Սև ծովի վերահսկողությունը կորոշի երկու խոշոր սառեցված հակամարտությունների արդյունքը՝ Վրաստանի Աբխազիայում և Մոլդովայի Մերձդնեստրում։ Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսներով հարուստ հինգ երկրների համար Սև ծով ազատ մուտքը կարևոր է Ռուսաստանի և Չինաստանի գերիշխանությունը կանխելու առումով։ Եթե նրանց մերժվի Սև ծովով համաշխարհային նավահանգիստներ մուտք գործելը, նրանք այլընտրանք չեն ունենա, քան վերադառնալ Մոսկվայի գիրկը և ենթարկվել Չինաստանի տնտեսական գերիշխանությանը։
Ինչպես և Բալթյան երկրների դեպքում, Սևծովյան տարածաշրջանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների համար հիմնական սպառնալիքը բխում է պուտինյան Ռուսաստանից: Օգտվելով ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքի պասիվությունից՝ Ռուսաստանն այժմ ձգտում է Սև ծովում վերականգնել իր գաղութային գերիշխանությունը։
Վերանայված ռազմավարությունը պետք է հիմնված լինի 2023 թվականի փաստաթղթի վրա, բայց վերացնի անտեղի տարրերը, ավելի օբյեկտիվ լինի սպառնալիքները նույնականացնելու հարցում, ընդլայնի երկրների թիվը, որոնց հետ հնարավոր է համագործակցել և ավելի ակտիվորեն ներգրավի Թուրքիային: Պետք է խոստովանել, որ հակառակ Ռուսաստանի ռազմածովային ուժերի կրած զգալի կորուստներին, այն մնում է Սև ծովի ամենահզոր ուժը և օգտագործում է իր ներկայությունն այնտեղ՝ Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և դրանից այն կողմ իր գերիշխանությունը տարածելու համար: Հետևաբար, Ռուսաստանը դեռևս Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի նպատակների համար հիմնական սպառնալիքն է»,- նշել է քաղաքագետը:
News.am