Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սթափության կոչ է արել կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Արագածոտնի թեմի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Միքայել և Բագրատ սրբազանները ՔԿՀ-ից հայտարարություն էին արել՝ կոչ անելով Վեհափառ հայրապետին եպիսկոպոսաց ժողով հրավիրել, կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին, նրանց թեմերում նոր առաջնորդներ նշանակել։ Մայր աթոռը հայտարարեց, որ դեկտեմբերի10-12-ը եպիսկոսաց ժողով է հրավիրվել՝ քննարկելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
«Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ գերաշնորհ տեր Միքայել և գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության կորստյան»,– հայտարարել է Արագածոտնի թեմի առաջնորդը։
Նրա խոսքով` այդ հոգևորականները, օգտվելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի զսպվածությունից և եղբայրական հանդուրժողականությունից, փորձում են սեփական դիրքն ամրապնդել՝ կասկածի տակ դնելով այն գահը, որի շնորհիվ տարիներ շարունակ բարիքի ու առաջընթացի են հասել։
«Մոռացվել է, որ Վեհափառ հայրապետը ոչ միայն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդն է, այլ նաև հայ ժողովրդի հավատքի միասնության պահապանը։ Նրան ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ հարված եկեղեցու հիմքին։ Եկեղեցին ոչ թե քաղաքական ճնշումներին հպատակվող կառույց է, այլ աստվածահիմն սուրբ մարմին։ Դավաճանել Հայոց հայրապետին նշանակում է դավաճանել եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը։ Եկեղեցին որևէ մեկի գործիքը չէ, ոչ էլ իշխանահաճո շահերի սպասարկու»,– ընդգծել է հոգևորականը։
Ըստ Արագածոտնի թեմի առաջնորդի` ժԺամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից՝ վերադառնալով եղբայրասիրությանը, հնազանդությանն ու հոգևոր խոհեմությանը. եկեղեցին պահվում է ոչ թե ինչ-որ հայտարարությունների ստորագրությամբ, այլ հավատքի, կանոնականության, հավատարմության և ճշմարտության միջոցով։
«Սթափվե՛ք և հիշե՛ք, որ այս վարքագիծը համահունչ չէ ո՛չ ավետարանական եղբայրասիրությանը, ո՛չ եկեղեցական կանոնականությանը․ այն վտանգում է մեր սուրբ եկեղեցու հեղինակությունն ու հավատացյալների վստահությունը։ Գիտակցելով այս՝ հարկ է հիշեցնել. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկնաքար կախվեր, և ծովը գցվեր» (Ղուկ. ԺԷ․1-2)»,– եզրափակել է նա։
Արագածոտնի թեմն իր հերթին խստորեն դատապարտում է սուրբ պատարագի արարողության ընթացքում կաթողիկոսին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները, այն հակականոնական է, ոչ պատշաճ վերաբերմունք Հայ եկեղեցու նվիրապետության նկատմամբ ու պառակտիչ դրսևորում։
Sputnik Արմենիա
