Логотип

Սիմոնյան․ Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի անի Իրանի նկատմամբ

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի, Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով օրերս Իրանի նորանշանակ դեսպանի հայտարարություններին և մտահոգություններին։

Դեսպան Խալիլ Շիրղոլամին մտահոգություններ էր հայտնել TRIPP-ի վերաբերյալ և ասել, որ Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։

«TRIPP-ը տնտեսական մեծ հնարավորություններ է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի համար»,- ասաց ԱԺ նախագահը։

Նրա կարծիքով՝ երբ Իրանում հանդարտվի իրավիճակը, երկրում եղած լարվածությունն անցնի, ապա պաշտոնական Թեհրանն ավելի հստակ կտեսնի, որ մտահոգությունները տեղին չեն։

«Իրանն ունի 10 և ավելի անմիջական հարևան, հենց Հայաստանի 23 կիլոմետրից պետք է ԱՄՆ-ն գործողություն իրականացնի՞։ Վերջին գործողության ժամանակ, եթե չեմ սխալվում, ինքնաթիռն ԱՄՆ-ից թռավ, եկավ, գործողությունն իրականացրեց ու գնաց»,- ասաց Սիմոնյանը։

Հավելեց, որ մշտական կապի մեջ են իրանցի գործընկերների հետ և պատրաստ են փարատել նրանց մտահոգությունները։

Sputnik Արմենիա