Логотип

Սինանյան․ Վիգեն Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում

Վիգեն Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։

Սինանյանը նշեց, որ թեև հանդիպել է Բաքվից Հայաստան վերադարձած Էուլջեքչյանին, սակայն հարցեր չի տվել Բաքվի բանտում անցկացրած օրերի մասին։

«Չեմ էլ մտել այդ թեմայի մեջ և օպերատիվ տեղեկություններ չեմ ստացել. դա իմ տիրույթը չէ։ Նա գտնվում է մեր պաշտպանության նախարարության քննչական մարմնի տրամադրության տակ, որպեսզի հենց իրենք զբաղվեն դրանով։ Ես պարզապես շատ ուրախ եմ, որ նա ու մեր մյուս երեք հայրենակիցները վերադարձել են Հայաստան ու ազատության մեջ են»,– ասաց Սինանյանը։

Ինչպես հայտնել ենք, Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, այսօր Լիբանանից Հայաստան է ժամանել։ Նա Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ՝ հանդիպելու ամուսնուն, սակայն նրան արդեն տարել էին զինվորական քննչական վարչություն։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Վիգեն Էուլջեքչյանը կնոջ հետ կհանդիպի մոտ մեկ ժամվա ընթացքում, քանի որ հիմա պետք է անցնի առողջական զննություն։

«Որքան հասկացա, քննչական մասն արդեն ավարտված է, քանի որ իմ ու մարդու իրավունքների պաշտպանի հետ էին հանդիպումները»,– նշեց նա։

Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին փաստաբան Լուսիանա Մինասյանը հայտնել էր, որ ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքչյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, չի կարողանում քայել։

Զարեհ Սինանյանը նշեց, որ այս պահին Վիգեն Էուլջեքչյանը առողջական խնդիր ունի՝ կապված մեջքի հետ, վիզն էլ ֆիքսված է հատուկ սարքով։

Sputnik Արմենիա