«Ադրբեջանի բանտերում պահվող hայ գերիների, պատանդների հարազատները, ընտանիքներն անմիջական տեղեկատվություն չունեն հունիսից ի վեր, երբ փաստացի արգելվեցին Կարմիր Խաչի տեսակցությունները, չնայած Կարմիր խաչն իր գործունեությունը դադարեցրեց ամիսներ անց՝ փաստացի սեպտեմբերին»։ Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների, պատանդների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Իրավաբանի խոսքով, իրենք կարողացել են փաստաթղթային տեղեկատվություն նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին ստանալ ՄԻԵԴ-ի միջոցով։
«Տեղեկատվությունը ստացել ենք հուլիսին, միաժամանկ դատարանը նոր ժամկետ էր տրամադրել. նոյեմբերին պետք է տեղեկատվություն տրամադրեր ադրբեջանական կողմը։ Սակայն տեղեկատվությունը չենք ստացել, քանի որ Ադրբեջանը դատարանից լրացուցիչ ժամկետ է խնդրել տեղեկություններն ամբողջացնելու, թարգմանությունները կազմակերպելու նպատակով։ Այս պահին ակնակալում ենք այդ հաշվետվությունը ստանալ հունվար ամսին»,-ասաց Սահակյանը։
Նա մանրամասնեց, որ փաստաթղերում առկա տեղեկատվությունն ամենևին չի արտահայտում անկախ դիտորդների դիտարկումներն անմիջական զննության միջոցով։
«Մենք բազմիցս հայտնաբերել ենք ադրբեջանցի պաշտոնատար անձանց կամ բժիշկների կողմից կազմված փաստաթղթերում բացահայտ անճշտություններ, անհամապատասխանություններ։ Թեև տեղեկատվությունը տրամադրվում է, սակայն դրա արժանահավատությունը կասկածի տակ է։ Եթե ամփոփենք, ապա այս պահին ստույգ, արժանահավատ որևէ տեղեկատվություն ստանալու խողովակ գոյություն չունի, հայ պատանդները գտնվում են բացարձակ մեկուսացման պայմաններում»,-ասաց իրավաբանը։
Նրանց մեկուսացումը ճեղքելու միակ տարբերակը իրավաբանները դիտարկել են Հայաստանի կողմից հյուպատոսական այցելությունները, այդ թվում միջնորդավորված։ Կա միջազգային փորձ, որը հնարավորություն է տալիս իրավատիրոջը՝ այս պարագայում Հայաստանի Հանրապետությանը այս այցելությունը կազմակերպել երրորդ երկրների հյուպատոսական ներկայացուցչության աշխատակիցների կողմից։
«Ամիսներ առաջ մենք դիմել ենք Շվեյցարիայի Համադաշնությանը, նրանք հայտնել են պատրաստակամություն իրականացնելու նման մարդասիրական առաքելություն պայմանով, որ պահանջը ներկայացվի ՀՀ իշխանությունների կողմից։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այս պահին այդ իրավունքը ի շահ մեր հայ պատանդների չի իրացվում»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։
Սա այն պարագայում, երբ շուրջ երկու տասնյակ կազմակերպություններ դիմել էին ԱԳ նախարարությանը՝ խնդրելով դիմել որևէ չեզոք երկրի, այդ թվում Շվեյցարիայի։
Հիշեցնենք, որ վերջերս Բաքու մեկնած Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հայտնեցին, որ ցանկություն են հայտնել հանդիպելու հայ պատանդներին, գերիներին, սակայն նրանց այդ հնարավորությունը չի ընձեռվել։ Այս պարագայո՞ւմ էլ ՀՀ իշխանությունների երաշխավորումը պետք է լիներ։
«Սա Բաքվի բարի կամքի արդյունք կարող էր լինել։ Հասարակական կազմակերպությունները, ի տարբերության կառավարության, չունեն օճտար երկրում այցելություններ կազմակերպելու իրավունք, իրավատերը պետությունն է, որը կարող է իր երկրի սահմաններից դուրս պահվող իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու տեսակցել ու տրամադրել հյուպատոսական ծառայություններ։ Միջազգային իրավունքը՝ մասնավորապես Վիեննայի կոնվենցիաները երաշխավորում են սուվերեն պետությունների իրավունքը՝ իրենց քաղաքացիներին տեսակցելու, որևէ իրավունք այս առումով վերապահված չէ հասարակական կազմակերպություններին։ Սա շատ դրական ժեշստ կլիներ, որը կմեծացներ Ադրբեջանի հեղինակությունը։ Սակայն կարծում եմ, քաղաքական շահերը և հեղինակությունը հակադրվել են, ու Բաքվի իշխանություններն ընտրել են հենց քաղաքական հետաքրքրությունները»,-ասաց Ս. Սահակյանը։
