Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները 20 տարվա ազատազրկման դատապարտեցին օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանին։ Իրավաբանները բազմիցս հայտարարել են, որ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելը քաղաքական որոշման տիրույթում է։
Հիմա երբ արդեն հայտնի են Բաքվի բանտերում պահվող հայ գործիչների վերաբերյալ դատարանների վճիռները, իրավական ի՞նչ մեխանիզմներ կան դրանց բողոքարկման համար։
«Այո, խնդիրը ունի նաև իրավական լուծում։ Այն առաջնահերթորեն քաղաքական հարց է, սակայն հաշվի առնելով, որ իրավական գործընթացներն են նախ և առաջ չարաշահվել քաղաքական նպատակներով, այստեղ իրավական շարունակականության հնարավորություն կա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց հայտնի փաստաբան, Եվրոպական դատարանում հայ գերիների, պատանդների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով, ձևական առումով կարող են դիմել վերադաս ատյաններ, որոնք իրականում արդյունավետ մեխանիզմներ չեն՝ արդարադատության հասնելու համար, սակայն ադրբեջանական իշխանությունները ճանաչել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը և արդար դատաքննության իրավունքի խախտումները կարող են արդյունավետորեն վկայակոչվել ՄԻԵԴ գանգատում։
«Նշեմ, որ ադրբեջանական հիմնական քաղբանտարկյալները, ակտիվիստները, լրագրողները, որոնք բռնաճնշումների զոհ են եղել, կարողացել են իրենց իրավունքների վերականգնումն իրականացնել հենց այս ատյանի միջոցով։ Իհարկե, ՄԱԿ-ի մեխանիզմը ևս կա, սակայն այն առավելապես քաղաքական ու բարոյական ճնշում է գործածում, իսկ իրավաբանորեն պարտադիր կատարման ակտեր կարող են ձեռք բերվել հենց ՄԻԵԴ գործունեության շնորհիվ»,-ընդգծեց Սահակյանը։
Փաստաբանի խոսքով, ՄԻԵԴ դիմելու համար Ադրբեջանի վերադաս ատյաններ՝ Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ դիմելը պարտադիր չէ, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում է դիմումատուներին սպառել համարժեք ու արդյունավետ իրավական պաշտպանության միջոցները։
«Եթե պաշտպանության միջոցը տեսականորեն գոյություն ունի, սակայն ձևական է և չի կարող իրականում արդյունավետ գործել տարաբնույթ խնդիրների պատճառով, դիմումատուները կարող են ազատվել այդ պարտականությունից, ուղղակի ապացուցման բեռն է փոխվում։ Եթե դիմումատուները չեն սպառում վերադաս ատյանների հնարավորությունները, ապա իրենք պետք է հիմնավորումներ ներկայացնեն, թե ինչու տեսականորեն գոյություն ունեցող մեխանիզմները համարում են անարդյունավետ»,-ընդգծեց Ս. Սահակյանը։
Իրավաբանն ընդգծեց, որ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում հայկական կողմն ունի նախադեպ, երբ ադրբեջանական ատյաններն արդյունավետ չեն եղել, օրինակ, Գուրգեն Մարգարյանի գործով Իլհամ Ալիևի՝ Ռամիլ Սաֆարովի ներման հրամանագիրը որևէ կերպ չի վիճարկվել ներպետական դատարաններում, թեև հրամանագրերը ենթակա են դատական վերանայման։
«Ադրբեջանի վերադաս ատյաններն անարդյունավետ են հայերի դեպքում։ Նման նախադեպեր ունենք այլ զոհերի մասով՝ Խոջոյան, Սարիբեկյան Բադալյան և այլն։ Նախադեպ ունենք նաև սեփականության իրավունքի գործերով, այսինքն չփոփոխված, միատեսակ դատական որոշում, ինչը փաստում է, որ հայերը արդյունավետ պաշտպանության իրավական միջոցներ չունեն Ադրբեջանում»,-ասաց նա։
Հարցին, հնարավո՞ր է արդեն նախաձեռնվել են կամ նախաձեռնվո՞ւմ են ՄԻԵԴ դիմելու գործընթացներ, Սիրանուշ Սահակյանն արձագանքեց, քիչ անց Ռուբեն Վարդանյանի փաստաբանական խումբը հանդես կգա հայտարարությամբ։
Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներին, ապա Panorama.am-ի զրուցակիցն ասաց, կոնսուլտացիաների մեջ է նրանց ընտանիքների անդամների հետ, մանրամասները կհայտնի ավելի ուշ։
«Բնականաբար, այս գործընթացները իրավական շարունակականություն ունենալու են։ Ուղղակի մանրամասները կկարողանան հայտնել ավելի ուշ»,-ասաց փաստաբանը։
