«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», – «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում:
«Ցավոք, չեմ կարող որոշակիացնել … Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ», – ընդգծեց իրավապաշտպանը:
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանն ահազանգում է՝ գերիները շուրջ երկու ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Միջազգային այս կառույցն այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում:
«Այս օրերին տեղի են ունեցել հեռախոսազանգեր, և ընտանիքները մեզ փոխանցեցին, որ այդ զրույցների միջոցով արդեն իսկ նրանց համար նկատելի են եղել առողջական լուրջ խնդիրներ և իհարկե հոգեբանական ծանր վիճակ: Հուսալքությունը խորանում է», – ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:
Շուրջ մեկ ամիս է անցել Բաքվի բանտում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից ու խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո, սակայն այս հարցում որևէ տեղաշարժ չկա: Թեև կողմերը հայտարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է, սակայն Բաքվի բանտերում 23 հայ գերիների ու նրանց հարազատների տառապանքները շարունակվում են:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը Դոնալդ Թրամփն անձամբ խոստացավ 23 քրիստոնյա գերիների հարցով դիմել Ադրբեջանի նախագահին. – «Այսպիսով, Դուք ասում եք, որ 23 քրիստոնյաներ են այնտեղ պահվում, ես նրան կխնդրեմ, կարծում եմ՝ նա դա կանի իմ համար»:
Արդյո՞ք ԱՄՆ նախագահն այս հայտարարությունից հետո դիմել է Ադրբեջանի նախագահին՝ հորդորելով ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին, ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Պաշտոնական տեղեկատվություն չկա: Հստակ չէ նաև՝ արդյոք Դոնալդ Թրամփի այս հայտարարությունից հետո քննարկում տեղի ունեցե՞լ է Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև:
Սակայն «Հրապարակ» -ն այսօր գրել է, որ Թրամփի հայտարարությունից հետո գերիների հարցը օգոստոսի 30-ին քննարկել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Ընդ որում, ըստ լրատվամիջոցի, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը չի կարողանա կատարել Թրամփի պահանջը և ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին ու ռազմագերիներին։ Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչը Վաշինգտոնում օգտագործել է «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությունը, ասելով, թե «դա վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։
Արդյո՞ք եղել է նման հեռախոսազրույց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի միջև. Անվտանգության խորհրդի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն տիրապետում նման տեղեկատվության»,–գրում է «Ազատությունը»:
News.am