Մեծերից մեկը նշանաբան ուներ. «Եկա, տեսա, հաղթեցի»։ Կարևոր է, որ մեր բախտն այն աստիճան չի բերել, որ այսօր մեզ կառավարում է բացարձակ անսահմանափակ իշխանությամբ օդտված մարդը, որն ունի այլ նշանաբան. «Եկա, տեսա, պարտվեցի»։
Դեռ ոչինչ, եթե միայն պարտվեր: Իրականում նրա կարգախոսը փոքր-ինչ այլ կերպ է հնչում. «Եկա, տեսա, ավերեցի»։ Ընդ որում այն աստիճան հիմնահատակ ավերեց, որ վերականգնման ենթակա չէ, եթե պատրանքներ չտածենք։
ԱՎԵՐԻՉԸ ՇԱՏ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ. ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՆՔԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԵՂԵԼ ՈՒ ՍԽԱԼՎԵԼ։ Սխալվել է, երբ ընդդիմադիր եղած ժամանակ մեղադրում էր իշխանություններին փոխզիջման գնալու պատրաստակամության մեջ, կոշտ քննադատում խաղաղ նախաձեռնությունները։ Հետո, արդեն իշխանության ղեկին լինելով, սխալվում էր, երբ փոխզիջումների չէր գնում, ծաղրում Ալիևին հիմար հայտարարություններով։ Երբ հրաժարվում էր խաղաղ նախաձեռնություններից, որոնք կարող էին կասեցնել պատերազմն ավելի բարենպաստ պայմաններով։
Այն ժամանակ ինքն ընդամենը սխալվել է, ասում է Նիկոլ Փաշինյանը և բացատրում, թե ինչու։ Իբր՝ մեծ հայրենասեր էր, դրա համար էլ սխալվում էր։ Ասում է, շա՜տ էր սիրում Արցախը։ Անասելի սիրում: Գրկախառնվում էր Արցախի առաջնորդների հետ, շախուշուխով պարում Շուշիում՝ այդ մեծ սիրով տոգորված։
Դե, իսկ հիմա ստացվեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ սիրեցին Հայ Առաքելական Եկեղեցուն։ Այնքան սիրեցին, որ գրկախառնվում են ծխականների հետ։ Եվ այդչափ մեծ սիրուց Փաշինյանի սիրտը տագնապ է ընկնում։ Չէ որ Փաշինյանի ու իր թիմի ինչ-որ առանձնակի կրոնասիրության մասին դեռ մեկ տարի առաջ խոսելն անգամ անհեթեթ էր։ Բայց այ հիմա սիրեցին: Հասկանալի է, թե ինչ է սպասվում Հայ Առաքելական Եկեղեցուն մոտ ապագայում։
Նիկոլը ոչ միայն պարզապես ավերում է, այլև հողին է հավասարեցնում հիմնահատակ, որպեսզի վերականգնելու հնարավորություն չլինի։ Այսօր նրա օրակարգում ՀԱԵ-ն է։ Մեր Եկեղեցու պառակտման, նրա միասնականության խարխլման գործընթացը տեղի է ունենում մեր աչքի առաջ։
Ըստ էության, պառակտումն արդեն առկա է։ Անկախ նրանից՝ հրաժարական կտա Կաթողիկոսը, թե ոչ։ Արդեն այսօր եպիսկոպոսն ընդդեմ եպիսկոպոսի, քահանան ընդդեմ իր հոգևոր եղբոր վիճակն է: Կարելի է ասել՝ առանց Կաթողիկոսի հրաժարականի էլ Նիկոլը հասավ իր նպատակին. պառակտման գործընթացն արդեն առկա է։
Հարցն այն է, թե որքան կխորանա այդ գործընթացը։ Ինչքան ժամանակ կպահանջվի կորսվածը վերականգնելու համար: Վերջինը հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում, իհարկե։ Իսկ եթե Նիկոլն ընտրություններից հետո էլ մնա իշխանության, ապա մինչև հաջորդ ընտրություններ Հայ Առաքելական Եկեղեցին կարող է ընդհանրապես գոյություն չունենալ։ Այնպես, ինչպես դա եղավ Արցախի պարագայում։ Հուսալ, որ եթե ՀԱԵ-ն 1724 տարի գոյատևել է, ապա… Նվազ հույս է, քանզի բնավ փաստ չէ, թե այդ տարիների ընթացքում Եկեղեցու թշնամին այսքան նենգ եղած լինի:
Չափազանցո՞ւմ ենք։ Ո՞վ էր 2018-ին միանշանակ պնդում, որ 5 տարի հետո հայկական Արցախը դադարելու է գոյություն ունենալ։ Կառուցելն է դժվար, քանդելն ի՞նչ է որ, չարժե ինքնախաբեությամբ զբաղվել: Մենք գործ ունենք Ավերմունքի Մեծ Վարպետի հետ։
