Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում հրդեհներ են բռնկվել, հաղորդում է տեղական «Գանձասար» թերթը։
Քեսաբի հոգևոր հովիվ, հայր Եսայի Էորթեքյանը հայտարարել է, որ հայ երիտասարդները ինքնուրույն մարում են կրակը, քանի որ իշխանությունների կողմից գրեթե օգնություն չկա։ Նրա խոսքով՝ Էքիզօլուխ, Դյուզագաչ և Էսկիրան բնակավայրերը բառացիորեն կրակի մեջ են։
«Կառավարությունից օգնություն չկա, հրշեջ մեքենաներ չեն գալիս։ Ժողովուրդը, երիտասարդների հետ փորձում է մարել կրակը սեփական ուժերով։ Բայց, ցավոք, շատ տներ են այրվել, մեծ վնասներ ունենք», – ասել է Էորթեքյանը։
Շատ հայ ընտանիքներ արդեն լքել են իրենց տները։ Պետական սահմանափակ ռեսուրսները չեն կարող զսպել սարսափելի հրդեհի տարածումը։ Թերթի տվյալներով՝ ավելի ուշ հրշեջ մեքենաներ, այնուամենայնիվ, ժամանել են, սակայն դրանց թիվը շատ քիչ է եղել։
«Հուսով ենք, որ օտարերկրյա պետություններն անհապաղ օգնության կգան՝ վերահսկելու հրդեհի հետագա տարածումը»,- ասվում է հրապարակման մեջ։
Սրբոց Աստվածածնի Վերափոխման տոնին Քեսաբ էին ժամանել ուխտավորներ Սիրիայի տարբեր շրջաններից՝ Բերիայի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մակար Աշգարյանի գլխավորությամբ։ Քեսաբի հոգևոր հովվի խոսքով՝ բնակիչների տները պայթում են գազի բալոնների և դաշտերում տեղադրված ականների պատճառով։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մշտական կապի մեջ է Քեսաբի հոգևոր հովվի հետ։
Մոտ մեկ ամիս առաջ ևս Քեսաբը մեծ հրդեհի վտանգի տակ էր։ Այդ ժամանակ կրակը հասել էր ընդհուպ քաղաքի դարպասներին, սակայն այս անգամ այն ներթափանցել է հենց Քեսաբ։ Հուլիսին Քեսաբի հայերը թույլ չէին տվել, որ իրենց գյուղեր հասած հրդեհը տարածվի։
Armenia Today