Логотип

«Սիրտս ուրախությունից կկանգնի». հայ գերիների հարազատների արձագանքը

Ադրբեջանի կողմից Հայաստանին հանձնված 4 հայ գերիների ընտանիքների անդամներն իրենց հարազատների վերադարձի մասին տեղեկացել են զանգվածային լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Փաշինյանի հրապարակումից հետո ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու ծանոթները սկսել են զանգահարել ազատ արձակվածների հարազատներին ու մտերիմներին:

Լիբանանի «Պայքար» շաբաթաթերթի աշխատակից Բայդզիգ Քալաջյանը, որը մտերիմ է Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի հետ, լուրն իմացավ Sputnik Արմենիայից։

Կինը շատ հուզվեց և ուրախալի լուրը հայտնելու համար անմիջապես կապ հաստատեց Վիգենի ընտանիքի հետ: Ավելի ուշ պարզվեց, որ Լինդա Էուլջեքչյանին այլ լրատվամիջոցներից էլ են զանգել, և նա ասել է. «Եթե ճիշտ եք ասում, ուրախությունից հիմա սիրտս կկանգնի»։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում գալ Երևան։

Ազատ արձակված մյուս գերու՝ Գևորգ Սուջյանի կինը՝ Լիլիթ Սուջյանը, տեղեկանալով կատարվածի մասին, սոցցանցում կարճ գրառում է արել. «Ճի՜շտ ա, ճի՜շտ ա, փա՛ռք Տիրոջը»։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոստովանել է, որ տեղյակ չի եղել հոր վերադարձի մասին։

Հիշեցնենք` Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։

Վագիֆ Խաչատրյանը (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թ. 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: