«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերահսկողական կոմիտեն ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին առաջարկել է հերքել հրապարակած տեղեկությունը, թե ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի աշխատավարձն «ուղղակի կամ անուղղակիորեն ներազդել է էլեկտրաէներգիայի սակագնի վրա»։
Կոմիտեում Պետրոսյանի հայտարարությունը «սխալ տեղեկություն» են անվանել։
«Նորաթուխ էներգետիկին առաջարկում ենք հերքել տեղեկությունը, որ ՀԷՑ տնօրենների խորհրդի աշխատավարձը որևիցե կերպ ազդում է սակագնի վրա: Նորաթուխ էներգետի՛կ, տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը՝ իր գրպանից, և այն որևիցե կերպ չի ազդում սակագնի վրա»,- ասված է ընկերության վերահսկողական կոմիտեի հայտարարության մեջ։
Կոմիտեում հավելել են, որ ՀԷՑ-ի՝ ՔՊ կառավարչի ամսական աշխատավարձը 5 մլն 200 հազար դրամ է, իսկ տարեկան՝ 62 մլն 400 հազար դրամ:
«Ընդհանուր առմամբ, ՀԷՑ-ում ՔՊ-ից և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 մլն 976 հազար ՀՀ դրամ։ 7 տարվա հաշվարկով թիվը կկազմի 1 մլրդ 490 մլն 832 հազար դրամ»,- ընդգծել են կոմիտեից։
Պետրոսյանը սեպտեմբերի 25-ին գրել էր, որ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող նախագահ Նարեկ Կարապետյանը-AT) 2017-2024 թվականներին ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396 մլն 198 հազար 663 դրամ աշխատավարձ։
«2017-ից մինչև 2024-ը ներառյալ՝ 8 տարի անընդմեջ, նրա տարեկան վարձատրությունը կազմել է 46 մլն 537 հազար 500 դրամից մինչև 53 մլն 362 հազար 488 դրամ (հարկերը ներառյալ): Արդյունքում ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ու որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն «իրենց_ձևով» ներազդել են մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- հայտարարել էր Պետրոսյանը։
Սեպտեմբերի 24-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարապետյանը հայտնել էր, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելու օրվանից հրաժարվել է աշխատավարձից՝ այն ուղղելով էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող հայտարարությանը հաջորդած կալանքից հետո իշխանությունները ընկերությունը, իրենց խոսքերով, պետականացնելու գործընթաց սկսեցին։ Հուլիսին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։
Armenia Today