Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաստատում է, որ Հայաստանում մի շարք ապօրինի գործեր կան։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումն իրավաչափ չէ, այն է` հավաքներ անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելը՝ անձի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը վնասելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։
Մինասյանը հիշեցրեց, որ դեռևս 2024 թվականին ԱԺ–ի առնվազն 1/5-ը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան 236-րդ հոդվածի 2-րդ մասի անօրինական լինելու վերաբերյալ, սակայն այն կասեցվել էր։ Դրանից հետո դիմել էին Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։
«Վերջերս ստացվել է կարծիքը, որով հաստատվել է թե՛ դիմումատուների, թե իրավապաշտպանների համատեղ այն տեսակետը, որ չի կարող հավաքների կազմակերպման անցկացման նյութական շահագրգռվածության վերաբերյալ առկա ձևակերպումը լինել իրավաչափ։ Այդ հոդվածը օգտագործվել է ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի հարուցվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ։ ՀՀ իրավակիրառ պրակտիկայում սխալ կիրառման հետևանքով բազմաթիվ ապօրինի քրեական հետապնդումներ են նախաձեռնվել»,- նշեց Մինասյանը։
Նա հավելեց՝ դրանով անցնում են թե՛ քաղաքական կուսակցություններ, թե՛ դաշինքներ, թե՛ անհատներ։ Պատգամավորն ընդգծեց՝ բազմաթիվ են այն դեպքերը, երբ իրավապահ մարմիններն անտեսել են մարդու հիմնարար իրավունքը, ազատությունը՝ պայմանավորված հավաքների անցկացման մասով, անազատության մեջ են պահել ու պահում մարդկանց, շատ դեպքերում նաև կալանքներ են եղել։
Նրա խոսքով՝ հավաքներին մասնակցելուն շահագրգռելու հոդվածը սահմանադրականության խնդիր ունի․ անհստակությունն օգտագործվել է քաղաքական իշխանության կողմից։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ 2019-2020 թթ․ ՔՕ-ում եղել է այդ հանցակազմը, իսկ 2021 թվականին ընդունված ՔՕ-ում այս հանցակազմը բացակայում էր։ Փաստաբանը հիշեցրեց, որ քաղաքական, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման պահից (2022 թվականի մայիսին) Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից զեկույց էր կազմվել, որում կազմակերպությունը բացահայտել էր, որ «նյութապես շահագրգռելու» հանցակազմն առեղծվածային կերպով ներմուծվել է ՔՕ։ Այդ ժամանակ պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողով այս հանցակազմի վերաբերյալ դիմում ուղարկելու պահին անգլերեն թարգմանությունը չի համապատասխանել հանցակազմի նորմատիվ տեքստին։
«Թարգմանության մեջ ավելացվել էր «հարկադրել» տերմինը, ու ստացվել էր այսպես՝ «նյութապես շահագրգռելը՝ անձին հարկադրելու հավաքին մասնակցելու համար»։ Բնականաբար, այդ ժամանակ Վենետիկի հանձնաժողովը կարծիք էր տվել, որ ՔՕ-ում նման հանցակազմ ներմուծելը միջազգային չափանիշներին համապատասխանում է։ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսելուց ու 2 ամսով կալանք նշանակելուց ընդամենը 1 ամիս անց նոր քրեական օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտներ, որտեղ տվյալ հանցակազմը չկար։ Մենք էլ դատարանին հայտնեցինք ՝ 1 ամսից հոդվածն ապաքրեական է լինելու, հնարավոր չէ 2 ամսով կալանք տալ։ Ընդամենը 1 շաբաթ անց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրատապ կերպով օրինագիծ բերեց, ու կրկին «նյութապես շահագրգռելու» հանցակազմը ավելացվեց»,- ասաց Հարությունյանը։
Դրանից հետո սկսեցին գաղտնալսել թե՛ Ավետիք Չալաբյանին, թե՛ ՀՅԴ, թե՛ այլ շարժումների անդամներին, ապա այդ գաղտնալսածը մոնտաժել ու պրոիշխանական կայքերում տեղադրել։
Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ ընդգծեց` ՀՀ գործող ղեկավարությունը, որը իշխանության է եկել հավաքների միջոցով, ամենաշատն է սահմանափակում հավաքների սահմանադրական ազատությունը։ Նա նշեց, որ «նյութապես շահագրգռել» ձևակերպումը որոշակի չէ, իսկ օրենքում նորմատիվ իրավական փոփոխություններ անելը պետք է այնքան հստակ լինի, թե ինչպիսի գործողություններն են իրավաչափ։
«Հավաքի կազմակերպիչը ողջամտորեն պարտավոր է կամ կարող է հոգալ հավաքի մասնակիցների սննդի, կեցության, գուցե նաև տեխնիկայի հարցերը։ Այժմ այդ ամենը հավասարեցվել է հանցագործության, սակայն վերը նշվածը որևէ պարագայում չպետք է նույնիսկ դիտարկվեր որպես իրավախախտում, առավել ևս` հանցագործություն։ Վենետիկի հանձնաժողովն արդեն իսկ արձանագրել է, որ օրենքի անորոշությունն իշխանություններն օգտագործել են քաղաքական ընդդիմախոսներին, թեկուզ ժամանակավոր, չեզոքացնելու միջոց»,- ասաց Գրիգորյանը։
Նա ասաց, որ անթույլատրելի է զանգվածային անկարգություններ իրականացնելու նպատակով կամ նախընտրական քարոզարշավի ժամանակ վճարովի հիմունքներով անձանց հավաքի մասնակից դարձնելը, բայց նրանց ծախսերի փոխհատուցում իրականացնելը՝ ոչ։
