Логотип

Սկանդալ՝ կապված Թրամփի ելույթի մոնտաժման հետ. BBC-ն ներողություն է խնդրել, բայց փող չի տա

BBC ընկերությունը ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նրա խմբագրված ելույթի համար, սակայն հրաժարվել է կատարել 1 մլրդ դոլարի փոխհատուցում վճարելու նրա պահանջը, տեղեկացրել է ВВС-ն։

Կորպորացիան խոստովանել է, որ Թրամփի մասնակցությամբ Panorama հաղորդման հատվածը մոնտաժվել է։ Այն կարող էր ստեղծել «կեղծ տպավորություն», որ նախագահը կոչ է արել բռնության 2021թ․ հունվարի 6-ի ելույթի ժամանակ։

Ներողությունը հնչել է այն բանից երկու ժամ անց, երբ The Daily Telegraph-ը հրապարակել է 2022թ․ Newsnight-ով հեռարձակված երկրորդ նմանատիպ խմբագրված հատվածը։

«Մենք ընդունում ենք, որ մեր խմբագրումը ակամա ստեղծել է այն տպավորությունը, թե մենք ցուցադրում ենք ելույթի մեկ, չընդհատվող հատված, այլ ոչ թե հատվածներ տարբեր պահերից, և որ դա ստեղծել է այն կեղծ տպավորությունը, թե նախագահ Թրամփը ուղղակիորեն կոչ է արել բռնի գործողությունների»,- նշվել է հայտարարության մեջ։

«Ուղղումներ և պարզաբանումներ» բաժնում տեղադրված ներողությունից բացի՝ BBC-ն հանել է հաղորդումը եթերից։

Ընկերությունը հաստատել է, որ պատասխան է ուղարկել փաստաբաններին և առանձին նամակ գործադիր տնօրեն Սամիր Շահից՝ ուղարկված Սպիտակ տուն։ BBC-ն նաև ԱՄՆ նախագահի 1 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջը մերժելու փաստարկներ է ներկայացրել. հաղորդումը չի հեռարձակվել ԱՄՆ-ում, վավերագրական ֆիլմը վնաս չի պատճառել Թրամփին, մոնտաժը չարամիտ չէր, տեսահոլովակը մեկ ժամ տևողությամբ հաղորդման ընդամենը կարճ հատվածն էր, իսկ քաղաքական հայտարարությունները պաշտպանված են ԱՄՆ խոսքի ազատության մասին օրենքներով։

Ինչպես հայտնի է, Սպիտակ տան փաստաբանները սպառնացել են կորպորացիային 1 միլիարդ դոլարի դատական ​​հայց ներկայացնել նախագահի ելույթը մոնտաժելու համար, որը կեղծ տպավորություն է ստեղծել։

Թրամփի իրավաբանական թիմը պահանջել է «լիարժեք և արդարացի հերքում», ներողություն և 1 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Նրանք կարծում էին, որ մոնտաժը վնասել է նախագահի հեղինակությանը։

Սկանդալը գրեթե անմիջապես հանգեցրել է BBC-ի ղեկավարության կրճատումների։ Panorama-ի և լրատվամիջոցներում հետագա հրապարակումների շուրջ աղմուկից հետո կորպորացիայի գործադիր տնօրեն Թիմ Դեյվին և լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են տվել։

BBC-ն նաև հայտարարել է, որ վերանայում է իր խմբագրական վերահսկման չափանիշները։

News.am