Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից դուրս գալուց հետո առաջին քաղաքական ուղերձն է արել՝ համառոտ անդրադառնալով ստեղծված իրավիճակին, սպասվող ընտրություններին։
Նա նշել է, որ վերջին շրջանում բաժին ընկած փորձություններից ավելի ուժեղացած են դուրս եկել, և կա 2 կարևոր հանգամանք, որոնց վրա ցանկանում է ուշադրություն հրավիրել։
«Սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը։ Ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել՝ բառի ամենալայն իմաստով։ Իրենց այս պարտությունն ու հայ ժողովրդի այս հաղթանակը պետք է գալիք ընտրություններին մինչև վերջ հասցնենք՝ սկսելով մեր հայրենիքի վերածնունդը»,- շեշտում է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վերջապես տեսանելի դարձավ նաև այն, որ «փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է՝ մնալ իշխանության»։ Ըստ նրա՝ մնացածը սուտ խոսքեր են։ Կարևորն է մնալ իշխանության ամեն գնով՝ «թքած ունենալով ազգային ու պետական արժեքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիվ ապագայի, հեղինակության վրա»։
Կարապետյանը վստահ է՝ միասին, հետևողական աշխատանքով հնարավոր է լինելու թույլ չտալ այդ ամենը։
Sputnik Արմենիա
