«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքում ադրբեջանական և հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել:
Մենք դիմել էինք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու համար, թե ինչ գործընթացներ են ընթանում:
Մենք տեղեկություններ ունենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթքի փակ հանքում սկսել են սահմանազատում իրականացնել: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ, արդյոք սահմանազատման աշխատանքնե՞ր են այժմ իրականացվում:
Սոթքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազննման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից:
Ըստ մեր տեղեկությունների՝ ադրբեջանցի և հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են արդեն մի քանի օր: Իրակա՞ն են այս տեղեկությունները, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ր քարտեզներով, ի՞նչ փաստաթղթերով է այդ սահմանազատումն իրականացվում:
Ո՛չ, տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, եթե հանրաքվե չի արվել, ինչպե՞ս են նման գործողություններ իրականացվում:
Սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և ԱԺ-ի կողմից վավերացված՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգով։
News.am
