Логотип

Սոլոմին․ 2025 թ.-ին Հայաստանի արտահանման ավելի քան մեկ երրորդը բաժին է հասել Ռուսաստանին

2025 թվականի արդյունքներով Ռուսաստան Հայաստանից արտահանման ծավալը մոտեցել է 3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը Գորչակովի հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպված «Եվրասիական երկխոսություն։ Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի ժամանակ։

Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին խոսելիս կարևոր է հեռանալ վերացական ձևակերպումներից և դիտարկել այն որպես գործնական տնտեսական մեխանիզմ, որն արդեն չափելի արդյունքներ է ապահովում ազգային տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։

«2025 թվականի արդյունքներով կարելի է վստահ ասել, որ եվրասիական ուղղությունը առանցքային է շարունակում մնալ Հայաստանի արտաքին տնտեսական կապերում։ Երկրի համախառն արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 21 մլրդ դոլարը, որից 8.2 մլրդ դոլարը բաժին է հասել ԵԱՏՄ անդամ պետություններին», – նշել է Սոլոմինը։

Նա հավելել է, որ ՀՀ արտահանման ընդհանուր ծավալը գերազանցել է 8 մլրդ դոլարը, որից ավելի քան 3.2 մլրդ դոլարը մատակարարվել է ԵԱՏՄ շուկա։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է հանրապետության հիմնական առևտրային գործընկերոջ կարգավիճակը։ Առևտրային ներկայացուցչի խոսքով` սա վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ շուկան Հայաստանի համար ոչ թե տեսական հեռանկար է, այլև իրապես գործող տնտեսական տարածք։

Սոլոմինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն այսօր ոչ միայն ապրանքների առևտուրն է, այլև արդյունաբերական համագործակցությունը, տեխնոլոգիական և ՏՏ նախագծերը, համատեղ կրթական ծրագրերը, թվային ծառայությունների և էլեկտրոնային հարթակների զարգացումը, անդրասահմանային արտադրական շղթաներին մասնակցությունը, լոգիստիկ նոր երթուղիների ձևավորումը։

«Զգալի մարդկային կապիտալով, զարգացած ՏՏ ոլորտով և արտահանմանը միտված բիզնեսով օժտված Հայաստանի համար եվրասիական ինտեգրացիան հնարավորություններ է ստեղծում ազգային նախագծերը ընդլայնել հարյուր միլիոնավոր սպառողներ ունեցող շուկայում», – նշել է նա։

Նրա խոսքով` Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը իր հիմնական խնդիրը համարում է եվրասիական ինտեգրացիան կոնկրետ նախագծերի հարթություն դուրս բերելը, նախագծեր, որոնք հասկանալի կլինեն բիզնեսի, արդյունաբերական ձեռնարկությունների, ինժեներական կենտրոնների և ստարտափերի համար։

Sputnik Արմենիա