Логотип

Սողոմոնյան․ Վալոդյայի սպանության դեպքը ժողովրդի կամքը տեղ չհասնելու ամենաողբերգական ձևն էր

Երեկ առավոտը մեզ համար շատ ցնցող էր ու ողբերգական, որովհետև կյանքից հեռացավ եռանդուն քաղաքացի, կառավարման ոլորտում փորձառու, բանիմաց և կարողունակ մարդ, որը կարողացավ շատ հաջող արդյունքներ գրանցել ու ղեկավարել բավականին մեծ համայնք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, Փարաքարում համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Հանրային տեսանկյունից ես սա համարում եմ մեծ հարված Հայաստանի ժողովրդավարությանը, մեծ հարված տեղական ինքնակառավարմանը։ Ես օրինաչափության շղթայի մի մաս եմ դիտում, այլ կեպ չեմ կարող դիտել, որովհետև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով միշտ ժողովրդի կամքը տեղ չի հասնում։ Սա ժողովրդի կամքը տեղ չհասնելու ամենաողբերգական ձևն է։

Ես ինձ իրավունք չեմ վերապահում իրավական գնահատականներ տալ։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա բնականաբար, եթե այս ամենը ինչ–որ մի շղթայի մասն էր, ապա պետք էր այդ ամենը ժամանակին կանխարգելվեր»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։