Логотип

Սոմունճյան․ Ռումբերի ձայներ լսվում են, բայց հայ համայնքում խուճապ չկա

Լիբանանի հայ համայնքը մինչ այս պահը որևէ վնաս չի կրել իսրայելական հրթիռային հարվածներից՝ ո՛չ մարդկային, ո՛չ նյութական։ Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Արամ Սոմունճյանը։

Նրա խոսքով՝ թեև երբեմն լսվում են ռումբերի, օդային հարվածների ձայներ, սակայն ընդհանուր մթնոլորտը հարաբերականորեն հանգիստ է։

Արամ Սոմունճյանը նշել է, որ բնականաբար որոշակի մտահոգություն կա, սակայն համայնքում խուճապ չկա։ «Անշուշտ,մարդիկ մտահոգ են, մտածում են, թե ինչ կարող է լինել առաջիկա օրերին, քանի որ պատերազմն անկանխատեսելի է, սակայն խուճապի որևէ նշան չի նկատվում»,- ընդգծել է նա։

Սոմունճյանը նաև տեղեկացրել է, որ պատերազմի առաջին օրերին հայկական դպրոցները փակվել էին, բայց անցյալ շաբաթվանից դրանց մեծ մասը վերսկսել է աշխատանքը։

«Ռմբակոծվող շրջանները հիմնականում Բեյրութի հարավում են, իսկ հայկական թաղամասերը գտնվում են քաղաքի հյուսիսային հատվածում»,- ընդգծել է Սոմունճյանը։

Նա հավելել է, որ վերջին օրերին հրթիռը հարվածել է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին, բայց այդ շենքում հայ բնակիչներ չեն եղել։

«Այդ շենքում հիմնականում լիբանանցիներ են բնակվում, այնտեղ հայեր չկան»,- նշել է Սոմունճյանը՝ ընդգծելով, որ դա եղել է հայկական բնակավայրերին ամենամոտ հարվածներից մեկը։