Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանն իր ձերբակալումից 8 օր անց անգամ ձերբակալման մասին խոսել չցանկացավ։ Բայց Sputnik Արմենիայի հետ զրույցում հոկտեմբերի 15–ին Քննչականում անցկացրած ժամերն ավետարանելու ժամեր որակեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 15–ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը խուզարկություն է եղել, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։
«Գնացել ենք, օրհնել ենք ու Ավետարան ենք խոսել։ Հիմա ամուր ենք, մեր թեմի առաջնորդը անազատության մեջ է, մեր հոգևոր եղբայրը` տեր Գարեգինն անազատության մեջ է, բայց ժամանակավոր բնույթ է կրում։ Մենք շարունակում ենք մեր ծառայությունը»,- ասաց նա։
Տեր Փառենը վստահեցրեց` լավ է լինելու, ավելին՝ թեմում հիմա էլ ամեն ինչ լավ է ու բոլոր ծառայություններըկատարվում են։ Նրա խոսքով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թեմի համար վարչական խորհուրդ է կազմել, ու բոլոր ծառայությունները բաշխված են։
«Մենք պինդ կանգնած ենք եղբայրներով միասին միատեղ, և թող ժողովուրդը վստահ լինի, որ մենք մեկս մյուսին վստահում ենք, սիրում ենք և այդ սիրով շարունակելու ենք մեր ուղին։ Եվ, ի վերջո, բարին հաղթելու է»,- շարունակեց տեր Փառենը։
Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի գործողությունները տեր Փառեն քահանան մեկնաբանել չցանկացավ։
«Կասեմ մի բան՝ մենք ծառայել ենք իր հետ, միայն լավ վերաբերմունք ենք ցույց տվել, իսկ իր մասին խոսել հիմա հարմար չեմ համարում, որովհետև նպատակ չկա, իմաստ չկա։ Լուրջ խնդիր լինի, խոսենք»,- նշեց քահանան։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ սկսված արշավին, Սաղմոսավանքի հոգևոր հովիվը նշեց, թե իրենք սովոր են փորձությունների։
«Մենք դեռևս դեռահաս տարիքից հոգևոր կյանքի մեջ ենք՝ 17 տարեկանից, և մենք 17 տարեկանից լսում ենք փորձության բառը և կամաց– կամաց այն, կարելի է ասել, որ մեր արյան մեջ է մտնում։ Իհարկե, չէինք ցանկանա, որ այսպես լիներ, բայց կարող ենք ասել, որ պատրաստ ենք այդ փորձության. չէ՞ որ բառը ծնվել է իրողությունից։ Դա մի փորձություն է եկեղեցու համար, հայ մարդու համար, քրիստոնյայի համար, որը պիտի քրիստոնյան եկեղեցու մեջ ապրելով հաղթի։ Ցավալի իրողություն է, բայց մենք դրան անվանում ենք փորձություն, իսկ փորձությունը հաղթահարելի է»,- շարունակեց նա։
Քահանան, խոսելով իշխանության բառապաշարի, մասնավորապես `Վեհարանի «ազատագրման» կոչերի մասին, հիշեցրեց, որ «ազատագրում են հայրենիք, ոչ թե Վեհարանը»։
«Գիտե՞ք, բառերը ասվում են՝ ազատագրել, արդարություն վերականգնել։ Մի բան պիտի կորցնես, որ գտնես։ Մենք մեր եղբայրներով երբեք արդարությունը չենք կորցրել, որ գտնենք։ Մենք ազատագրում ենք հայրենիքը թշնամուց, ազատագրում ենք մեր տունը՝ գողից, մենք ազատագրում ենք մեր սրբությունը սրբություն հանողից։ Իսկ Վեհարանը Վեհափառի նստավայրն է, որ, իրավամբ Թադեոս առաքյալի հաջորդն է։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ամուր նստած է մեր աղոթքներով, մեր՝ իրեն, որդիաբար ծառայելով։ Ուրեմն՝ կարելի է շատ նախադասություններ ասել, բայց կարևորն այն է, որ դու կարողանաս այդ նախադասություններին պատասխան տալ»,- շարունակեց տեր Փառենը։
Նա հոգևոր հորդորով և ժպիտով ավարտեց խոսքը, ինչը, ըստ նրա, նաև հանգիստ խղճի նշան է։ Վստահեցրեց՝ ամենավերջում մարդիկ իրար աչքերի պետք է նայեն և երանի տվեց նրանց, որոնք պարզ աչքով կնայեն իրար։
