Логотип

«ՍՈՒՄԳԱՅԻԹ». ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՅՍՕՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Թվում է, թե 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածի մասին 38 տարվա ընթացքում ասվել է ամեն ինչ։ Հավաքված բազմաթիվ փաստաթղթերը՝ դատավարությունների արձանագրությունները, լուսանկարներն ու տեսանյութերը, պաշտոնական փաստաթղթերը, ականատեսների հարյուրավոր վկայությունները, այդ թվում՝ ադրբեջանցիների, բավական ամբողջական պատկերացում են տալիս այն դժոխքի մասին, որ մոլեգնում էր այդ քաղաքի փողոցներում, որտեղ ամբողջ երեք օր ամենադաժան, վայրի և զարհուրելի անմարդկային ձևերով տանջում ու սպանում էին հայերին:

Եվ դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե այլևս ոչ մեկին հարկ չկա ապացուցել ակնհայտը. «սումգայիթը» դարձավ ոչ միայն Ադրբեջանի առաջին արյունալի պատասխանը հայերի խաղաղ պահանջին, այլև Ցեղասպանության նոր փուլի սկիզբը:

ՄԵՐՕՐՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՎԱՂ, ԱՅԼ ԲԱՆ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ. «ՍՈՒՄԳԱՅԻԹԸ», ինչպեսև հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հաջորդ բոլոր հանցագործությունները՝ ընդհուպ մինչև ռազմական ագրեսիան և իր բազմադարյա Հայրենիքից՝ Արցախից բնիկ բնակչության բռնի տեղահանումը 2023թ. սեպտեմբերին, համակարգված և հետևողականորեն մոռացության են մատնվում։ Եվ եթե նախկինում այդ ջանքերը գործադրվում էին Բաքվում, ճիշտ ինչպես Թուրքիայում՝ 1915թ. Ցեղասպանության հարցում, ապա այժմ ակներև է աներևակայելին. այդ փորձերը համակարգային կերպով ձեռնարկվում են Հայաստանի դե ֆակտո իշխանությունների կողմից։

Ստիպված ենք արձանագրել անհնարինը. եթե Ադրբեջանի համար պետական քաղաքականություն են եղել և մնում հայատյացությունն ու ցեղասպան գործողությունները նորագույն պատմության տարբեր փուլերում, ապա փաշինյանական ռեժիմի համար նույնպիսի պետական քաղաքականություն է դարձել հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մասին հիշողությունը ջնջելն ու մոռացության մատնելը։ Եվ մինչ Ալիևը «Խոջալուի զոհերի» հուշարձան է բացում՝ ինչպեսև նախկին տարիներին՝ անվանելով 1992թ. Աղդամի դեպքերը «ցեղասպանություն», Երևանում պաշտոնական մակարդակով ավելի ու ավելի են կրճատում 1988-1992թթ. իրադարձությունների հիշատակումների, քննարկումների, դիսկուրսների և առավելևս ուսումնասիրությունների շրջանակը՝ մեկ անթաքույց նպատակով. մոռացության մատնել։

Այս առումով «սումգայիթն», անշուշտ, ապազգային քաղաքականության հիմնական թիրախներից մեկն է։ Բայց դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ վաղուց հասարակ անուն դարձած այդ տեղանունը նշանավորեց Հայոց ցեղասպանության նոր փուլի սկիզբը, այլև բազմաթիվ այլ պատճառներով: Եվ առաջին հերթին՝ նրանով, որ այդ քաղաքում ադրբեջանական իշխանությունների արածը ճշգրիտ համապատասխանում է ՄԱԿ-ի կոնվենցիայում նշված ցեղասպանության հանցագործության հինգ հիմնական չափանիշներից առնվազն երեքին։

Մեջբերենք. «Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

(ա) այդ խմբի անդամների սպանությունը,

(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,

(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը…»։

Այժմ առանձին անդրադառնանք չափորոշիչներից յուրաքանչյուրին:

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ, ԵՎ ԴԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է։ Զոհերի թիվն ընդ որում նշանակություն չունի, բայց այդուհանդերձ նշենք, որ պաշտոնապես հայտարարվել է սպանված 27 հայերի մասին, իսկ ոչ պաշտոնապես կան բոլոր փաստերն ու հիմքերը՝ խոսելու 200-300-ի մասին։

Տուժածների թիվը, որոնց « մարմնական լուրջ վնասվածքներ» են պատճառվել, ճշգրիտ պարզած չէ, սակայն, փորձագետների տվյալներով, խոսքը կարող է վերաբերել մի քանի տասնյակի. բռնաբարվածներ (այդ թվում՝ բազմիցս), դաժանաբար ծեծվածներ, խոշտանգվածներ, խեղվածներ։ Նրանց մոտավոր թիվը, ովքեր ապրածից ու տեսածից «մտավոր ծանր վնաս» են կրել, մոտ 80 հոգի են։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթից հեռացան այնտեղ բնակվող 18 հազար հայեր, և դա անմիջական արդյունքն էր «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծման, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

Կազմակերպվածություն, կանխամտածվածություն, վերահսկողություն տեղի ունեցող վայրագությունների նկատմամբ և դրանց համակարգում, քաղաքի ղեկավարների մասնակցություն հակահայկական ցույցերին, իրավապահ մարմինների անգործություն, իսկ շատ դեպքերում՝ ակտիվ աջակցություն ջարդարարներին, որևէ արձագանքի բացակայություն ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բաքվից, հանցագործությունների հետքերի վայրկենական ոչնչացում ու քողարկում, վերջապես, ադրբեջանական հատուկ ծառայությունների փաստաթղթավորված մասնակցություն բոլոր փուլերին. այս ամենը Սումգայիթում կատարված հանցագործությունների ցեղասպան բնույթի լրացուցիչ և շատ էական ապացույցներն են:

Բայց չնչին իսկ կասկած չկա, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները, եթե անգամ տարելիցի առնչությամբ սոցցանցերում հանդես գան ինչ-որ երկտող հայտարարություն-գրառմամբ, ոչ միայն չեն արտաբերի այդ բառը՝ «ցեղասպանություն», այլև կջանան չհիշատակել ոճրագործ երկիրը: Եվ ամենակարևորը. ամեն ինչ կհանգեցնեն «վրա հասած խաղաղությանը», այն է՝ կոչ կանեն մոռանալ: Ամենևին էլ պատահական չէ, որ «խաղաղության կամուրջներ» կառուցող «ակտիվիստները», իսկ իրականում՝ Բաքվում ու Երևանում բազմած երկու ոճրագործների հաճկատարները, այդքան համերաշխ կոչ են անում «չշոշափել անցյալը», այլ քննարկել միայն «ապագան»։

ԱՅՆ ԱՊԱԳԱՆ, ՈՐՈՒՄ ԱՂԴԱՄԻ (ԽՈՋԱԼՈՒԻ) ԴԵՊՔԵՐԸ ԿԿՈՉՎԵՆ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ իրական, միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին համապատասխանող և քաղաքացիական բնակչության դեմ խաղաղ պայմաններում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, գիշերային ստոր սպանությունը Բուդապեշտում, ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինվորների և խաղաղ բնակչության վայրագ սպանություններն ու այն ամենը, ինչ տեղի է ունեցել 2020-2023 թթ. ընթացքում Արցախում և Հայաստանում, մոռացության կտրվի։ Ինչպեսև 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը։

Սա է «իրական Հայաստանի» տխրահռչակ հայեցակարգի ողջ էությունը, որը Նիկոլը եռանդագին առաջ է մղում իր տերերի հրահանգով։ Հայաստան առանց պատմության՝ հերոսական ու ողբերգական, Հայաստան, որը կուրանա տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը, Հայաստան՝ աղավաղված, խեղաթյուրված ու այլասերված մտածելակերպով. ահա թե ինչ է սրանց պետք։

Ժողովուրդ, որը չի հիշում իր անցյալը և իր դեմ կատարված հրեշավոր արարքները։ Ժողովուրդ, որը մոռացել է ընդամենը 30-40 տարվա վաղեմության ցեղասպանությունն իր նկատմամբ և արդյունքում վերածվել կատարյալ զոհի՝ ավելի քան մեկ դար տևած ոճրագործությունն արդեն Հայաստանի տարածքում ավարտին հասցնելու համար։

Մի՞թե արցախցիների նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականությունը Ալիևի ու էրդողանի քաղաքականության շարունակությունը չէ։ Մի՞թե դրա շարունակությունը չէ այն կյանքը, որին դատապարտում են իշխանությունները սահմանամերձ շրջանների բնակիչներին։ Մի՞թե Հայաստանի տարածքների բռնազավթումն ու նրա տարածքում կարևորագույն ռազմավարական հատվածների նկատմամբ վերահսկողությունը հենց դրա վկայությունը չեն։

Եվ մի՞թե ասված չէ, որ ցեղասպանության ժխտումն ու մոռացումը դրա շարունակությունն են։