Նախօրեին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրները Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ են:
«Նորմալ երեխաներ են, լավ առաջադիմություն ունեն, նորմալ վարք: Արտասովոր ոչնչով աչքի չեն ընկել այս տարիների ընթացքում: Այլ մեկնաբանություններ չենք ուզում տալ, քանի որ տեղի ունեցածը կրթական շրջանակից դուրս է»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի կազմակերպչական հարցերով պատասխանատու Նելլի Այվազյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 29–ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս պահին 3 անձ ձերբակալվել է:
Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել է, որ ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
News.am
