Логотип

Սուրենյանց․ Ադրբեջանը պահանջում է, որ Մեղրիի երկաթուղին ադրբեջանական լինի

«Թրամփի ուղի» նախագծի մաս կազմող Մեղրիի երկաթուղին լինելու է ադրբեջանական։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում արդեն հայտարարում են դրա մասին` ասելով, թե այդպիսին է եղել նաև Խորհրդային Միության տարիներին։

«Կասկածից վեր է, որ բանակցություններում Ադրբեջանն այդ պնդումը անելու է, իմ ինսայդերական ինֆորմացիայով` Բաքուն արդեն 6 ամիս է` այդ պահանջը դնում է Հայաստանի առաջ, անգամ պատրաստ են ներդրում անել»,– ասաց վերլուծաբանը։

Սուրենյանցը սա համարում է «խաղաղություն» անունով փաստաթղթի մի մաս, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է «վաճառել» հայ ժողովրդի վրա։ Ըստ նրա` այս համատեքստում է պետք դիտարկել նաև ադրբեջանական բենզինի ներմուծումը Հայաստան։

Քաղաքական վերլուծաբանը հիշեցրեց, որ նույն օրը, երբ բենզինը գալիս էր Հայաստան, Ադրբեջանում դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ 22 վագոն բենզինը կարող է փոխել շուկայի էներգետիկ կառուցվածքը, վերացնել Հայաստանի կախվածությունները այդ ոլորտում, ուրեմն այդ մարդը ո՛չ տնտեսությունից է բան հասկանում, ո՛չ քաղաքականությունից»,– ասաց նա։

Սուրենյանցի խոսքով` սա քաղաքական սիմվոլիզմի դրսևորում է` «պրյանիկ» Փաշինյանի համար։