ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել է ՀՀ պաշտպանական բարեփոխումների ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:
Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է նաև զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Սուրեն Պապիկյանը 2024թ–ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել էր «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ ու քննարկել նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր։
Նշենք, որ 2023 թ.–ի նոյեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։
Sputnik Արմենիա