Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում հեղուկ գազի գների կտրուկ աճի պատճառներին՝ նշելով, որ այն պայմանավորված է միաժամանակ մի քանի գործոններով։
«Սովորաբար Իրանից հեղուկ գազ ներմուծում ենք ձմռան ամիսներին, երբ Վերին Լարսի անցակետում առաջանում են խնդիրներ, և շուկայում գների որոշակի բարձրացում է տեղի ունենում։ Այդ պարագայում Իրանից ներկրումն ավելի ձեռնտու է դառնում»,- նշել է տնտեսագետը։
Նա ընդգծել է, որ այս տարվա ձմռանը խնդիրները բազմապատկվել են․ բացի Վերին Լարսի ավանդական դժվարություններից, Իրանի դեպքում ևս առաջացել են քաղաքական լարվածություն և արտահանման սահմանափակումներ, ինչի հետևանքով հետաձգվել կամ դադարել են այլընտրանքային մատակարարումները Հայաստան։ Այս իրավիճակն, ըստ Պարսյանի, հանգեցրել է հեղուկ գազի գների կտրուկ աճի։
Տնտեսագետը նշել է, որ թեև Հայաստանում մոտ 100 տնտեսվարող սուբյեկտ զբաղվում է հեղուկ գազի ներմուծմամբ, դրանց մեծ մասը չունի պահեստավորման հնարավորություն։
«Երբ զուգահեռ մատակարարումները դադարել են կամ հետաձգվել, հենց այդ կուտակում ունեցող տնտեսվարողները սկսել են օգտվել իրավիճակից և բարձրացնել գները։ Սա հանգեցնում է արհեստական դեֆիցիտի և սպեկուլյացիայի»,- ասել է Պարսյանը՝ հավելելով, որ արդյունքում շուկայում արձանագրվում է գնաճ։
Տնտեսագետը քննադատել է նաև Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումը՝ նշելով, որ այն հանձնաժողովը հայտարարում է, թե շուկայում խնդիր չկա, քանի որ գործում է շուրջ 100 տնտեսվարող սուբյեկտ։ Նրա կարծիքով՝ սա սխալ մոտեցում է, քանի որ իրական ազդեցություն շուկայի վրա ունեն ոչ թե բոլոր ներմուծողները, այլ այն սահմանափակ թվով ընկերությունները, որոնք ունեն կուտակման հնարավորություն և կարողանում են ազդել գների վրա, երբ առաջանում են մատակարարման խնդիրներ։
