Логотип

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻՑ

Իրանա–ամերիկյան հարաբերությունների լարվածության պայմաններում ամերիկյան կողմը հայտարարեց, որ նախատեսում է 25 տոկոս մաքսատուրք կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք Իրանի հետ առևտուր են արականացնում, իսկ Հայաստանն իր անկախությունից ի վեր Իրանի հետ մշտապես ունեցել է առևտուր, որը շատ հաճախ այլընտրանքի բացակայության պայմաններում է եղել։ Այս մասին News.am–ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը։

«Հաշվի առնելով այն, որ շրջափակման պատճառով արևմուտքը և արևելքը Հայաստանի համար փակ է եղել, ՀՀ–ն այլընտրանք չունի Իրանի հետ առևտուր անելուն, և մեր երկիրը շարունակել է առևտուր անել Իրանի հետ։ Շատ հաճախ Հայաստան–Իրան խոշոր ծրագրերը, օրինակ, «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը իրականացվել է ամերիկյան կողմի հետ համաձայնեցնելուց հետո։ Հայաստանը փորձել է պահպանել բալանս Արևմուտք–Իրան հարաբերություններում, նաև Արևմուտքին ներկայացնելով այն հանգամանքը, որ ինքն այլընտրանք չունի, ինքը պետք է Իրանի հետ աշխատի, համագործակցի։

Արևմուտքը մինչև այժմ հասկացել է և Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ, խիստ վերաբերմունք չի կիրառել։ Այո, որոշ ոլորտներում եղել է բավականին խիստ վերահսկողություն Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով Իրանի հետ Հայաստանի սահմանը, բայց գլոբալ առումով Հայաստանը չի ունեցել պատճամիջոցներ ու սահմանափակումներ»«–ասաց նա։

Պարսյանի խոսքով, Թրամփի հայտարարությունը, որ հայկական ապրանքները կարող են 25 տոկոս մաքսատուրքի տակ ընկնել, մտահոգիչ է, սակայն դա պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով. «Նույնիսկ 50 տոկոս մաքսատուրքի կիրառման պարագայում Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրից։

Եէթե զուտ տնտեսական առումով դիտարկենք, ապա ԱՄՆ–ի հետ ունենք մոտ 60 մլն դոլարի առևտուր, իսկ դեպի Իրան մենք արտահանում ենք մոտ 100 մլն դոլարի ապրանք։

Այդ 60 միլիոն դոլարի մոտ 2/3–ը ոսկյա զարդերն են, ադամանդները և այլն։ Այսինքն այնպես չէ, որ Հայաստանը շատ մեծ արտահանում ունի և 25% մաքսատուրքի կիրառման դեպքում մենք բավականին լուրջ կորուստներ ենք ունենալու։ Վատագույն պարագայում մենք կորցնելու ենք այդ 60 միլիոնը: Բայց դրան զուգահեռ մենք մոտ 300 միլիոն դոլարի ապրանք ենք ներկրում ԱՄՆ-ից, այսինքն այստեղ ԱՄՆ-ն շահող կողմն է, մոտ մեկին հինգ հարաբերակցությամբ ավելի շատ ապրանք է վաճառում Հայաստանին կամ Հայաստանից գնում է։ Այսինքն մենք պետք է քննարկումների մեջ ներկայացնենք, որ ամերիկյան կողմն է հայ–ամերիկյան հարաբերություններում ավելի շատ շահում, ոչ թե հայկական կողմը։

Հյաստանը միաժամանակ պետք է շարունակի իր առևտուրը Իրանի հետ և այդ նույն ժամանակահատվածում պետք է քննարկի Թրամփի աշխատակազմի հետ մաքսատուրքերը չբարձրացնելու կամ գոնե դրանք հետաձգելու հարցը։ Մենք պետք է այդ աշխատանքը տանենք, չպետք է թողնենք, որ այս ամենը մնա այնպես, ինչպես կա և հայկական ապրանքների շուկան կորցնենք ԱՄՆ-ում։

Միևնույն ժամանակ սա պետք է քննարկենք իրանական կողմի հետ, ցույց տալով, որ մենք բավականին լուրջ աշխատանք ենք անում, նաև որոշակի ռիսկեր ենք կրում իրենց հետ առևտուր անելու համար, որովհետև ամբողջ աշխարհում փոխադարձ առևտուրը ընկած է շահերի վրա, և այդ շահերը մենք պետք է ցույց տանք նաև իրանական կողմից։ Մենք պետք է շարունակենք առևտուրը Իրանի հետ, միաժամանակ քննարկելով, բացատրելով իրավիճակը ամերիկյան գործընկերներին»,–ասաց տնտեսագետը։

Նա նկատեց, որ եթե մեր առջև դրվի ընտրություն, պետք է ընտրել Իրանի հետ առևտուրը, քանի որ Իրանը ոչ միայն առևտրի հարց է լուծում մեզ համար, այլ նաև տարանցիկության. «Այսինքն, երբ որ Վրաստանի սահմանը մեզ համար փակվի, մենք ունենանք տարանցիկ հնարավորություն Իրանով։ Մենք չենք կարող հավասարացնել Իրանի և ԱՄՆ–ի հետ ունեցած մեր առևտուրը։ Մեզ համար կարևոր է պահպանել Իրանի հետ բաց սահմանները, գործընկերային մթնոլորտը, հաշվի առնելով մեր պատմական կապերը, մեր սփյուռքի առկայությունը, մեր տնտեսական նախագծերը, որոնք ունենք համատեղ:

Կարծում եմ, կարող են լինել երկրներ, որոնք կհրաժարվեն Իրանի հետ առևտրից, բայց այդ երկրների թիվը շատ քիչ կլինի կամ նրանց շրջանառությունը շատ փոքր կլինի։ Բացի այդ, մինչև այդ էլ ամերիկյան կողմը հայտարարություններ է արել այս կամ այն երկրի նկատմամբ մաքսատուք կիրառելու վերաբերյալ, այնուհետև հետաձգել է այդ որոշումը կամ իջեցրել է։ Այսինքն, սա չպետք է դիտարկել որպես վերջնական հայտարարություն կամ վերջնական որոշում։ Նաև հայկական կողմից է կախված Հայաստանի նկատմամբ կկիրառվի այդ 25%-ը, թե ոչ։ Եթե լավ աշխատենք, կարծում եմ մենք կարող ենք գոնե հետաձգել այդ որոշման կիրառումը»,– ընդգծեց Սուրեն Պարսյանը։

News.am