Логотип

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ․ 2026-Ի «ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ Է

ՀՀ իշխանություններն առաջիկա համապետական ընտրություններում փորձելու են ՀՀ–ում կիրառել այսպես կոչված «մոլդովական մոդելը», և Եվրամիության խոստացած 12 միլիոն եվրոն հենց այդ նպատակով է տրամադրվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։ Նրա դիտարկմամբ` այդ մասին արդեն իսկ բացահայտ հայտարարել է Եվրամիությունը` քաջալերելով ու ֆինանսավորելով ՀՀ իշխանությունների այդ ջանքերը։

2026–Ի ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՄ–Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի և կիբեռանվտանգության համար։ Ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի` աջակցության նպատակն է բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին: Սրան զուգահեռ` դեկտեմբերի 1-4-ը Քիշնև էր գործուղվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` մասնակցելու «Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության ու հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդեցությունը. 2024-2025 թվականների ընտրությունների Մոլդովայի փորձը» խորագրով միջոցառմանը։

«Այս իրադարձությունները սերտորեն կապված են և մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են, քանի որ Հայաստանի իշխանությունները ԵՄ–ի աջակցությամբ պատրաստվում են Հայաստանում կիրառել այն մոդելը, որը հաջողությամբ իրականացվեց Մոլդովայի վերջին խորհրդարանական ընտրություններում։ Իրականում սա հենց եվրոպական սցենար է, որ պայմանականորեն կրում է«մոլդովական սցենար» անունը»,– ասաց Սուրենյանցը։

Ըստ նրա` դա Եվրամիության բյուրոկրատիայի մշակած տեխնոլոգիան է, որի նպատակը հակառուսական ռեժիմների պահպանումն ու քաջալերումն է` Ռուսաստանի հարևանությամբ։

«Նիկոլ Փաշինյանը տրիումֆիալ ձևով, Արարատ Միրզոյանը Բրյուսելում պայմանագրեր ստորագրելով, համաձայնություններ էր ձեռք բերում, որոնց իմաստը սա է` Փաշինյանի իշխանության հակառուսականությունը12 միլիոն եվրոյի վարձատրություն է ստանում Բրյուսելից»,– ընդգծեց քաղաքական վերլուծաբանը։

Վերլուծաբանն արձանագրում է, որ Մոլդովայում կիրառված` ընդդիմադիրներին չեզոքացնելու սցենարի շատ ավելի կոշտ տարբերակը մինչ այս ԵՄ–ն փորձարկել էր Ռումինիայում, որտեղ առաջին տեղով երկրորդ փուլ անցած թեկնածու Կալին Ջորջեսկուին Սահմանադրական դատարանի որոշմամբ դուրս թողեցին հետագա ընտրարշավից։

«Հետո պարզվեց, որ ոչ մի ռուսական հետք չի եղել։ Սրա ավելի փափուկ տեխնոլոգիան` այսպես կոչված «ֆիլտրումների համակարգը», կիրառեցին Մոլդովայում, երբ կամայականորեն, էլի ինչ-որ ռուսական հետքի կասկածանքով, հիբրիդային պատերազմի անվան տակ ֆիլտրումներ արեցին և ընտրություններից 1-2 օր առաջ որոշեցին ընդդիմադիր կուսակցության մասնակցությունն արգելել»,– նշեց Սուրենյանցը։

Նրա խոսքով` իրեն լիբերալ հռչակած Եվրոպան ժամանակակից տեխնոլոգիաներով համեմված ավտորիտարիզմի այս մեխանիզմով, ըստ էության, օգնում է վերարտադրվել բոլոր այն ռեժիմներին, որոնք Բրյուսելին կօգնեն պրոբլեմներ հարուցել Ռուսաստանի համար։ Հերթի մեջ է նաև Հայաստանը` ԵՄ–ից սպասվող 12 միլիոն եվրոյի դիմաց։

Այս իրավիճակում և ներկա պայմաններում Հայաստանի ընդդիմությունը, Սուրենյանցի դիտարկմամբ, ունակ չէ դիմակայելու նախապատրաստվող մոլդովական սցենարի կիրառմանը։ Դրա համար, ըստ վերլուծաբանի, անհրաժեշտ են ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոններ, որոնք մինչ այս պահը ձևավորված չեն։

«6–7 ամիս դեռևս ժամանակ կա, ամենևին էլ քիչ ժամանակ չէ արդյունավետ մոդելներ ստեղծելու համար։ Մենք պետք է կարողանանք հենց այս րոպեից, վաղվանից, մյուս օրվանից այնպիսի ստատուս քվո ստեղծել երկրում, որ իշխանությունը օրակարգ թելադրող չլինի»,– ընդգծեց նա։

Ալիևի հայտարարությունը ՀՀ տարածքի փաստացի վերաձևման պահանջ է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը փաստում է՝ խաղաղության օրակարգ չկա,  – ասել է Սուրենյանցը՝ արձագանքելով Ալիևի հայտարարությանը։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԿԻՆ ԽՈՍԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՄԱՍԻՆ՝ ասելով, որ կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ալիևը նշել է, թե վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է։

«Սա խաղաղության օրակարգ չէ։ Սա Հայաստանի տարածքի փաստացի վերաձևման վերաբերյալ պահանջ է, որի խորքային նպատակը կարող է լինել հայ–ադրբեջանական համակեցության որևէ ձև՝ Հայաստանի ներկայիս տարածքում։ Այս հայտարարությունն ի ցույց է դնում, որ իրական խաղաղություն գոյություն չունի։ Ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի և իշխանական շրջանակի պնդումների՝ Բաքուն ոչ թե մեղմում է իր դիրքորոշումը, այլ օրեցօր կոշտացնում այն՝ նպատակ ունենալով ապահովել առավելագույն միակողմանի արդյունք»,– գրել է Սուրենյանցը։

Քաղաքական վերլուծաբանն Ալիևի նման պահանջների բարձրաձայնման հետ կապված մի քանի պատճառ է առանձնացրել։ Ըստ Սուրենյանցի՝ Ալիևը չի վստահում Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, Ադրբեջանը փորձում է մինչև 2026 թվականն ավարտին հասցնել իր հիմնական պահանջները՝ հասկանալով, որ ՀՀ–ում ընտրություններից հետո իշխանությունը կարող է փոխվել, ինչի արդյունքում կարող են փոխվել նաև Հայաստանի բանակցային դիրքերը։

«Այս փուլում Բաքուն ձգտում է ամրագրել հնարավոր առավելագույնը։ Ալիևը բարձրացնում է գինը՝ Փաշինյանին ներքաղաքական աջակցություն ցուցաբերելու դիմաց, քանի որ 2026-ի ընտրություններում Փաշինյանի համար արտաքին աջակցությունը վճռորոշ է լինելու։ Ալիևը ձևավորում է ակնհայտ պահանջների նոր փաթեթ՝ հասկացնելով, որ ցանկացած աջակցություն պայմանավորված է լինելու նոր, ավելի խորքային զիջումներով»,– նշել է վերլուծաբանը։

Սուրենյանցի կարծիքով՝ Ալիևը համոզված է, որ ՀՀ–ում դիմադրության կենտրոններ այլևս չեն գործում։ Այսինքն, ըստ քաղաքական վերլուծաբանի, ներքաղաքական դաշտի թուլացումը և կազմակերպված դիմադրության բացակայությունը Բաքվում ընկալվում են որպես ազդանշան, որ Հայաստանում բացակայում է ադրբեջանական ճնշումներին դիմակայելու կարողությունը։

«Այս համոզմունքն է նրան հնարավորություն տալիս առավել բաց և կոշտ հնչեցնել այն, ինչ նախկինում արտահայտում էր զգուշությամբ։ Ի դեպ, Հայաստանի ներսում դիմադրության կենտրոնների չեզոքացման հարցում Ալիևի հիմնական դաշնակիցը հենց Փաշինյանն է։ Ալիևի հայտարարությունները հաճախ ուղղված են ոչ միայն Երևանին, այլև արտաքին կենտրոններին՝ Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Մոսկվային և Անկարային։ Այսինքն՝ փորձում է ամրագրել, որ Ադրբեջանի պահանջները վաղուց են հնչեցվել, հետևաբար դրանք պետք է դիտարկվեն որպես բանակցային օրակարգ»,– ընդգծել է Սուրենյանցը։

Սուրենյանցի խոսքով` որքան էլ սցենարները տարբեր լինեն, անհերքելի է, որ ներկա ստատուս-քվոն Հայաստանին պահում է միակողմանի, նվաստացուցիչ և շարունակ ընդլայնվող ճնշումների դաշտում։

Sputnik Արմենիայի նյութերով