Логотип

Սպասվում է հայկական քաղաքացիական հասարակության պատվիրակների պատասխան այցը Բաքու

Ադրբեջանական հասարակության ներկայացուցիչների Հայաստան այցից հետո սպասվում է հայկական քաղաքացիական հասարակության պատվիրակների պատասխան այցը Ադրբեջան։ Այդ մասին Բրյուսելում «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա իր ելույթում հիշեցրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը, որը համարեց Հարավային Կովկասում խաղաղության և բարեկեցության հիմք։

«Հոկտեմբերի 21–22–ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին»,– հայտարարել է Գրիգորյանը։

Ըստ նրա` այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ ՀՀ կառավարության մյուս առաջնահերթությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն է։

«Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ Թուրքիայի հետ սահմանների բացման համար: «Ամբերդ» ինստիտուտի հետազոտության համաձայն՝ բաց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը՝ առևտրային ուղին Հայաստանի և Արևելյան Եվրոպայի միջև կկրճատվի 10–25%-ով, իսկ Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի միջև՝ 5–15%-ով»,– վստահեցրել է Գրիգորյանը։

Նա իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ իշխանությունների նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` նշելով, որ այն ենթադրում է մի տարածաշրջան, որը փոխկապակցված է ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ փոխադրումների և թվային ցանցերի միջոցով։ Գրիգորյանի խոսքով` «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) նաև հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչ։

Նա իր ելույթում անդրադարձել է դեպի Հայաստան զբոսաշրջության այս տարվա բարձր ցուցանիշներին` ասելով, որ այդ բարձր տեմպը պայմանավորված է նաև 2025 թ. մարտի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունների ավարտի հայտարարությամբ։

«Սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 10.5% աճ, ևս վկայում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ընդունված հայտարարության հնարավոր ազդեցության մասին: Սա վկայում է, որ խաղաղությունը խթանում է բիզնեսը, նորարարությունը և բարեկեցությունը»,– հայտարարել է ԱԽ քարտուղարը։

Sputnik Արմենիա