Ստամբուլի գլխավոր դատախազությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և մի քանի այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների ձերբակալման օրդեր է տվել՝ Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ստամբուլի գլխավոր դատախազությանը։
«Ցեղասպանություն իրականացնելու և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով ձերբակալման օրդեր է տրվել 37 կասկածյալի, որոնց թվում են՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և այլոք»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունն ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները «մեղադրվում են ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծության և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեջ»։
2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր էր տվել։ Նրանք մեղադրվում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը ընկած ժամանակահատվածում մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Դատարանը նաև ձերբակալման օրդեր է տվել ՀԱՄԱՍ–ի հրամանատար Մոհամմեդ Դեյֆի համար, ով, ինչպես հայտարարել են Իսրայելի իշխանությունները, սպանվել է Գազայի հատվածում իրականացրած ավիահարվածի հետևանքով:
Sputnik Արմենիա
