Логотип

Ստեղծվեց նոր՝ «Մայր Հայաստան» կուսակցություն (ՄԱՀԱԿ)

Սեպտեմբերի 21–ին, «Մայր Հայաստան» շարժման որոշմամբ ստեղծվեց համանուն կուսակցություն։

«Օրենքով սահմանված կարգով կուսակցություններն ունենում են նաև հապավումներ. «Մայր Հայաստան» կուսակցություն կամ կարճ` ՄԱՀԱԿ։ Մահակի վրա պատկերված է հայոց եռագույնը, պետք չի սրանից վախենալ, սա սիրո և հանդուրժողականության մահակ է։ Քաղաքականության մեջ, փոխաբերական իմաստով սա նաև կարգ ու կանոն հաստատելու գործիք է, քաղաքական դաշտը ապիկարներից մաքրելու գործիք է »,–հիմնադիր համագումարում կեսկատակ–կեսլուրջ հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման ղեկավար, կուսակցության վարչության նախագահի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ ցույց տալով եռագույն մահակը։

Նրա խոսքով` կուսակցություն ստեղծելով իրենց գլխավոր նպատակն է՝ ազատվել ներկայիս իշխանությունից և լայն համախմբման միջոցով կերտել նոր իրականություն։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ հաղթահարել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք իրական ընդդիմադիր ուժերին համախմբված պայքարել այս իշխանության դեմ… «Մայր Հայաստանը» պատրաստ է համախմբողի, մերանի դերակատարում ստանձնել և համագործակցության կամուրջներ ստեղծել բոլոր ազգային ու սոցիալական դիմագիծ ունեցող իրական ընդդիմադիր ուժերի միջև։ Միասնաբար մենք կհասնենք հաջողության, կասկած չունեմ, պետք չէ վախենալ մեկից, ով ինքն է վախեցած»,–ասաց Թևանյանը։

Նա ընդգծեց, որ Գյումրիի օրինակով հնարավոր է հասնել ՔՊ–ի իշխանազրկման։ Ըստ Թևանյանի` ստեղծված իրավիճակում ՔՊ–ին իշխանությունից չզրկելը իր մեջ մեծ վտանգներ է պարունակում, այս թվում՝ 3-րդ հանրապետության կործանումը։

«Մենք գիտենք, թե որտեղից են գալիս 4-րդ հանրապետության հիմնման մասին Փաշինյանի մտքերը և ինչ իրական նպատակ են հետապնդում։ Իր, այսպես կոչված, իրական Հայաստանի կամ 4-րդ հանրապետության ծրագրերը զարմանալիորեն համընկնում են Ադրբեջանում տարածվող Հայաստանի հաշվին կառուցվելիք Արևմտյան Ադրբեջանի ծրագրերի հետ։ Բոլոր այս խոսույթները մեկ կենտրոնից են ուղղորդվում, որի նպատակն է Արցախի ճակատագիրը Հայաստանի համար կրկնելը»,–ասաց նա։

Թևանյանն ընդունում է, որ Հայաստանը միայնակ չի կարող դիմագրավել Թուրքիային ու Ադրբեջանին։ Այդ պատճառով պետք է խորացնել և զարգացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, որպեսզի բալանսավորեն Թուրքիային ու Ադրբեջանին։

«Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ գիտի, բայց ինքը հասկանում է, եթե Հայաստանը մնաց ռուսական, անվտանգային համակարգի ծիրում, ուրեմն, անձամբ իր իշխանությունը վտանգված է, ահա այդ իշխանությունը պահելու, սեփական կաշին փրկելու, հետագայում իրավաքաղաքական գնահատականի չարժանանալու համար ինքը պատրաստ է կործանել Հայաստանի Հանրապետությունը, բայց փրկվել։ Ուրեմն, մեր խնդիրը պետք է լինի պատմության աղբանոց ուղարկել Նիկոլ Փաշինյանին և փրկել Հայաստանի Հանրապետությունը»,–ասաց Թևանյանը։

Թևանյանը նաև հայտարարեց, որ կուսակցության ստեղծմամբ «Մայր Հայաստանը» շարժումը չի դադարելու իր գործունեությունը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սոնա Աղեկյանը, իսկ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Արմենակ Դանիելյանը, և Արշակ Սարգսյանը։ Կուսակցության վարչության անդամներ են ընտրվել Սամվել Հարոյանը, Արեգնազ Մանուկյանը, Երվանդ Բոզոյանը, Անի Կարապետյանը, Գևորգ Ստեփանյանը, Ստեփան Դանիելյանը, Դերենիկ Մալխասյանը, Գրիգոր Իսկանդարյանը, Հարություն Խաչիկյանը, Հասմիկ Սարգսյանը և Անդրանիկ Թևանյանը։

Կուսակցության նախագահ միաձայն ընտրվել է Անդրանիկ Թևանյանը։

Sputnik Արմենիա