Логотип

ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՀՈԳԵՎՈՐ ՕԳՏԱՏԵՐՆ Է»․ ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Նախօրեին Հովհաննավանքում տեղի ունեցածի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Մենք բոլորս լավ գիտենք, որ Սուրբ և անմահ պատարագ կատարելու իրավունքը տրված է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Նույնիսկ, երբ պետականություն չենք ունեցել և թշնամու զավթման ներքո ենք գտնվել, միևնույն է` մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցին է պատարագներն արել։ Ցավալի է, բայց երեկ տեղի ունեցավ հենց այդ ծեսի խոչընդոտումը, թույլ չտրվեց, որ իրավասու հոգևորականը՝ Հայր Շնորհքն իրականացնի, կատարի պատարագ, նաև խախտվեց մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- նշեց Զոհրաբյանը։

Հայտնել էինք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ – խմբ․) որոշել է հոկտեմբերի 26-ին պատարագ մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել պատարագին և հաղորդություն ստանալ Տեր Արամի ձեռքից։

Փաստաբան Արա Զոհրաբյանը հաղորդում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության մասին։ Զոհրաբյանը նաև դիմում էր ներկայացրել ներխուժումը կանխելու վերաբերյալ: Նա նշել էր, որ պահանջում է Հովհաննավանքի այն տարածքներից, որոնք նախատեսված են բացառապես եկեղեցու սպասավորների համար` ատյան, խորան, ավանդատներ և այլն, վտարել Ստեփան Ասատրյանին: Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հայր Շնորհք աբեղա Պալոյանը փաստաբան Արա Զոհրաբյանի հետ միասին հոկտեմբերի 26-ի առավոտյան գնացել էին Հովհաննավանք, սակայն ոստիկանությունն ու Ստեփան Ասատրյանի կողմնակիցները թույլ չէին տվել նրանց վանքի տարածք մուտք գործել։

Զոհրաբյանի խոսքով՝ խոչընդոտումը սկսվել է նրանից, որ նախ թույլ չեն տվել, որ մեքենաներով մոտենան։ Հայր Շնորհքի հետ ոտքով մոտեցել են վանքին, սակայն բարձրաստիճան ոստիկանները, հետո էլ նրանց միացած քաղաքացիական թույլ չեն տվել վանք մտնել։

«Սա հանցագործություն է»,- շեշտեց Զոհրաբյանը։

Հավելեց՝ ստացվել է այնպես, որ եկեղեցին զավթված է, իսկ ոստիկանությունը դրսևորում է անգործություն։ Հիշեցնում է՝ այլ դեպքերում ոստիկանությունը շատ արագ գործում է և անցանկալի մարդկանց դուրս է հանում, իսկ այս դեպքում եկեղեցու իրավունքները չեն պաշտպանվում։

«Երեկ նաև մենք արձանագրեցինք, որ ոստիկանությունը դրսևորեց բացահայտ, իրավախախտ վարքագիծ։ Ես վստահ եմ, որ շատ արժանապատիվ ոստիկաններ կան համակարգում, որոնց շնորհիվ այսօր ոստիկանությունը կա, բայց այն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր հրաման տալու իրավունք ունեն, իրենք վարկաբեկում են նաև ոստիկանությունը»,- ասաց փաստաբանը։

Սեփականության վկայականը կա` Հովհաննավանքի սեփականատեր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին է, իսկ նման բան կարող է լինել միայն այն երկրում, որտեղ մարդն իրեն պաշտպանված չի զգում։

Զոհրաբյանը նկատեց՝ և՛ հոգևոր հայրերը, և՛ բնականաբար, Մայր աթոռը կարող էին կոչ անել, մեծ թվով մարդկանց հավաքել ու գնալ Հովհաննավանք՝ իրավունքները վերականգնելու, սակայն դա չեն արել ու չեն անում, որովհետև հնարավոր բախման վտանգ կարող է լինել։

Փաստաբանն անդրադարձավ նաև կիրակի, առավոտյան 9։00-ին Արագածոտնի թեմի 21 հոգևորականներին ՔԿ հարցաքննության կանչելուն։ Նշեց՝ ակնհայտ է, որ հոգևորականներին որպես վկա էին կանչում, ու խոսք չկա ծանր հանցագործության մասին, օրինակ, «ահաբեկչություն» կամ այլ վտանգավոր հանցագործություն, որն օպերատիվորեն կանխելու համար կարելի էր հասկանալ ոչ աշխատանքային օր վաղ առավոտյան՝ պատարագի նախապատրաստման ժամին հարցաքննության հրավիրելը։

«Ակնհայտ է, որ քննչական մարմինը, ցավոք, լծվել է այս նույն անպատվաբեր գործին։ Եվ իրենք էլ փորձում են մեր հոգևոր հայրերին, այսպես ասեմ, ահաբեկել»,- ասաց Զոհրաբյանը։

Հավելեց՝ երեկ նույնիսկ մի քանի միջադեպ է եղել, քահանաների են փորձել բերման ենթարկել՝ թերևս կասկածելով, որ Հովհաննավանք են ուղևորվում։ Միջադեպերից մեկը կապված է եղել Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ։ Ասում է՝ քանի որ Սաղմոսավանքը Հովաննավանքի նույն ուղղության վրա է, Տեր Փառենին կանգնեցրել են, փորձել են բերման ենթարկել, սակայն Տեր Փառենը մեքենայից չի իջել։

«Հետո հեռախոսազրույցով, բարձրախոսով, ես էլ եմ խոսել ոստիկանների հետ, ձայնագրությունն էլ կա։ Երբ որ իրանք համոզվեցին, որ Սաղմոսավանք է գնում, բաց թողեցին, բայց մինչև դա ասում էին՝ «100% մենք Ձեզ բերման ենք ենթարկելու, չի քննարկվում, մենք ձեզ տանելու ենք» »,- ներկայացրեց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությանը, թե այս կիրակի ևս Հովհաննավանքում պատարագի է մասնակցելու, Արա Զոհրաբյանը նշեց՝ դեռ Մայր աթոռն իր դիրքորոշումը չի հայտնել, երբ հայտնի, կստանձնեն այդ դիրքորոշման պաշտպանությունը։

«Ըստ եկեղեցական կանոնների՝ երբ սուրբ խորանն ամբարիշտն է զբաղեցնում կամ ոչ իրավասու հոգևորականը, ապա, դա պղծվում է։ Այսինքն՝ նույնիսկ, եթե Հովաննավանքում որևէ ծիսական գործողություն պետք է կատարվի, դա պետք է կատարել սրբագործման ծեսը անելուց հետո։ Հիմա ստացվում է, որ եկեղեցին պղծել են»,- ասաց Զոհրաբյանը։

Իրավիճակն արտասովոր է․ փաստաբանն անգամ պատմությունից չի հիշում կատարվածի նման նախադեպ, ոչ էլ նման մասշտաբի բռնաճնշումներ հոգևորականների նկատմամբ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ժամանակն է «վերադարձնել» այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն։

Զոհրաբյանի խոսքով՝ այս գործընթացն էլ է սկսվել, հիմա, օրինակ, նման մի տարածք կա Իջևանում, որ փորձում են եկեղեցուց վերցնել։ Վստահ է՝ նման գործընթացներ էլի կլինեն։

«Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս, թե իբրև փորձում է մաքրել եկեղեցին։ Շատ ակնհայտ է, որ դա կեղծ է։ Սովորաբար, երբ մեկը հարց է բարձրացնում, առնվազն դու պետք է նայես իր օրինակով։ Հանրահայտ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը եկեղեցական օրենքով չի ամուսնացել, նույնիսկ չի գրանցել իր ամուսնությունը, այսինքն՝ ո՛չ պետության օրենքներն է հարգել, ո՛չ եկեղեցական։ Ինքն ամենաքիչն իրավունքը ունի խոսելու եկեղեցու մաքրությունից։ Չի կարելի եկեղեցականին վարկաբեկելով փորձել եկեղեցի մաքրել, այդպես չի լինում։ Փորձում է այնպես անել, որ շատ մարդիկ ուղղակի հիասթափվեն եկեղեցուց, ու սա ակնհայտ թշնամական վերաբերմունք է»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է Ստեփան Ասատրյանին, Զոհրաբյանի խոսքով՝ ինքն ընդամենը Նիկոլ Փաշինյանի «հոգևոր օգտատերն է»։ Վստահ է՝ ինքն էլ հիմա լավ վիճակում չէ, որովհետև իր սուտ մատնության պատճառով հիմա անազատության մեջ են Արագածոտնի թեմի առաջնորդն ու Մուղնիի հոգևոր հովիվը։

Փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով՝ մեզ ավելի վատ օրեր են սպասվում, ի վերջո սա բերելու է մեծ աղետի, ու քանի դեռ «աղետը մեր գլխին չենք ստացել, երևի խելքի չենք գա»։ Հիշեցնում է՝ եկեղեցին պաշտպանելն էլ ֆեյսբուքում ակտիվ ստատուս գրելը կամ պրոեկեղեցական գրառումները «սրտիկելը» չէ, ու շատ կարևոր է, որ ժողովուրդը կարողանա պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին։

Sputnik Արմենիա