Логотип

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ 2026-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ Է

Մարտի 1–ի գործը կրկին շրջանառության մեջ դնելու հիմնական դրդապատճառը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նշենք, որ նոյեմբերի 18-ին ԱԺ–ում «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկում է եղել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նշել է, որ 2008 թ. «Մարտի 1–ի» գործը փակուղի չի մտել, և բոլոր հնարավորությունները կիրառվելու են, որպեսզի գործի ամբողջական բացահայտում լինի։

«Հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը Ռոբերտ Քոչարյանն է, և նույն տրամաբանությունը երևացել է նաև Վաղարշապատի ընտրություններում, որտեղ երկրորդ տեղը զբաղեցրել է այն ուժը, որը հանրային ընկալմամբ կապվում է Քոչարյանի հետ։ Իշխանությունն այժմ շարժվում է երկու ուղղությամբ՝ ընդդիմադիր դեմքերին հեղինակազրկել և հնարավորություն չտալ նրանց մասնակցել առաջիկա ընտրություններին»,– ասաց նա։

Դանիելյանի խոսքով` մյուս ընդդիմադիր ուժը «Մեր ձևով» շարժումն է, որը կառուցված է Սամվել Կարապետյանի կերպարի վրա, իսկ Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Քաղաքագետը հավելեց, որ Սամվել Կարապետյանի կալանավորման հիմնավորումները նույնիսկ ձևական մակարդակում բավարար չեն։

«Գոնե ձևական, չոր հոդված, որը քիչ թե շատ տրամաբանական լինի, նույնիսկ դա չկա, բայց դա իշխանություններին չի կանգնեցնում, և շարունակում են ճնշման քաղաքականությունը»,– շարունակեց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետի կարծիքով` հնարավոր հաջորդ թիրախ կարող է լինել նաև Գագիկ Ծառուկյանը, որը մինչ այժմ սոցիոլոգիական հարցումներում ունի որոշակի աջակցություն։ Սակայն, ըստ Դանիելյանի, կարևոր թիրախը Ռոբերտ Քոչարյանն է։

«Նրան անընդհատ փորձում են հիշեցնել Մարտի 1–ը կամ «Պապլավոկի» դեպքը՝ մոռանալով, որ իրենք հազարավոր զոհեր են տվել, Արցախ են կորցրել, Հայաստանում բազմաթիվ անօրինականություններ են եղել։ Բայց խնդիրն այն, որ Մարտի 1-ի գործը կրկին շրջանառելն արդեն չի տալիս սպասված արդյունքը»,– հավելեց քաղաքագետը։

Նա շեշտեց, որ իրավական տրամաբանություն այս գործընթացներում փնտրել պետք չէ, քանի որ ամբողջ գործընթացի արմատը քաղաքական է և ուղղակիորեն կապված է առաջիկա ընտրությունների հետ։

Sputnik Արմենիա