Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Հայաստանը, ինչպես հայտնի է, սեյսմավտանգ տարածաշրջան է։ Հայկական ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Խորհրդային ինժեներների կողմից կիրառված հիմքի յուրահատուկ տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել նրան հաջողությամբ վերապրել 1988 թվականի սարսափելի երկրաշարժը, մեկ էներգաբլոկ մինչ օրս աշխատում է…
Եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի, մենք, ինչպես նաև տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները և հենց Հայաստանի բնակչությունը, ստիպված կլինենք ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը»,-ասել Է Շոյգուն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, ստիպված կլինի ենթադրել, որ «միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները կիրականացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում»։
«Ուստի, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, և դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման»,-նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Yerevan Today
