Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը վստահ է, որ իր որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ նախաձեռնված իրավական գործընթացն իրականում իր դեմ է։ Այդ մասին նա ասաց այսօր Գյումրու համայնքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով որդու ձերբակալության մասին լուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է շորթմանը։
Ղուկասյանը դիմեց իշխանություններին՝ վստահեցնելով, որ իրեն նման բաներով չեն կոտրի. ինչքան նման բաներ արվեն, ինքն ավելի է ուժեղանալու։
«Դու սրանով ինձ չես կարող կոտրել։ Եթե մարմինս կոտրես, հոգիս չես կոտրի, բռնել տալով երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով դու մարդկանց հանում ես քո դեմ, մարդկանց պահում են սիրով, ապրելով և ապրեցնելով»,- ասաց նա։
Ղուկասյանը նշեց, որ այս իրավիճակում չգիտի, թե ինչպես թոռնիկների դեմքին նայի, քանի որ իր պատճառով է փաստորեն այս ամենն արվում։ Վստահ է՝ իշխանություններն այս գործելակերպով ցույց են տալիս, որ իրենց վերջն է եկել։
«Ես իմ տղայի անունը Սպարտակ եմ դրել, ազատության անունն եմ դրել, որ Սպարտակը կռվում էր հռոմեացի լեգեոներների դեմ, դուք մտածում եք, որ ես կարող ա գլո՞ւխ կախեմ ձեր դիմաց կամ գամ, ձեր հետ բանակցեմ, կամ ստուկաչ դառնամ մյուսների պես, որ վլաստը գա, գլխարկս փոխեմ։ Իմ գլխարկը երբեք չի փոխվի»,- հայտարարեց Ղուկասյանը՝ վստահեցնելով, որ որդու ազատության համար պայքարելու է օրինական բոլոր ճանապարհներով։
Նա վստահ է, որ իշխանությունը չի հաշտվում Գյումրիում կրած պարտության հետ։
«Արցախը տվիք, էդքան չխառնվիք իրար, Գյումրու քաղաքապետարանի համար էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ ողբ ու ոռնոց եք դրել։ Ի՞նչ, էստեղից շատ ատկատ կա՞ր, որ տանում էիք»,- ասաց Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ պատմությունը 24 քառակուսի մետր, մոտ 90 հազար դրամ արժողության «խիբարի» (մանր տաշեղներ, շինարարական նյութ) համար է, որն անգամ քաղաքապետարանի հաշվեկշռում էլ որպես գույք չի եղել։
Ղուկասյանի տեղեկություններով՝ որդուն 2 ամսով կալանավորել են։
Sputnik Արմենիա