Логотип

«ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻ» ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂ ԼԻԴՅԱ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ 3 ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

«Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կնոջ՝ կալանավորված Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ Հենց այդքան էր պահանջել մեղադրող դատախազը՝ նշելով, որ առկա են բոլոր հիմքերը։

Լիդյա Մանթաշյանի փաստաբաններից Տաթևիկ Սողոյանը մինչ որոշումը պահանջեց փոխել պաշտպանյալի խափանման միջոցը՝ 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակմամբ, ինչպես նաև ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ` Էլինար Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Ասպրամ Կրպեյանի, Լիլիթ Գալստյանի և Քրիստինե Վարդանյանի երաշխավորագրերը։

«Հարգելի՛ դատարան, նախ բոլորի համար մեղադրանքը նույնն է, այսինքն՝ սա չի կարող պատշաճ մեղադրանք համարվել։ Ահաբեկչական գործողությունների ժամանակ դերաբաշխում է լինում։ Մեղադրանքում չկա՝ ո՞վ է արել, որ ապացույցով ո՞ր հանգամանք է փաստվում։ Ինչպես նաև գործով 4 վկայից որևէ մեկն իմ պաշտպանյալի անունը չի տվել, մեղադրանքում ասվում է՝ հեռախոսազրույց են ունեցել անհայտ բովանդակությամբ։ Դատախազն ասում է՝ գործի քննություն է ընթանում, բայց մեղադրողներից մեկն ասաց, որ գործով առկա ապացույցները բավարար են մեղադրյալների մեղքն ապացուցելու համար, այսինքն՝ քննությանն էլ չի կարող խոչընդոտել»,– մանրամասնեց Տաթևիկ Սողոյանը։

Լիդյա Մանթաշյանը հայտարարեց, որ մեղավոր չէ ու մեղքն ամբողջությամբ չի ընդունում։

«Ահաբեկչական գործողություն չեմ պլանավորել։ Իսկ այն, ինչ իրենք հայտնաբերել են, ասեմ, որ ըստ նրանց՝ ահաբեկչությունը պլանավորվում է 2025 թվականի հունվարից, բայց իմ նոթատետրը կազմվել է անցած տարվա մայիս-հունիս ամիսներին, երբ մենք պայքարի այլ փուլում էինք»,– ասաց Լիդյա Մանթաշյանը։

Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց մեղադրողների` կալանքը 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը։

Դահլիճում դատավորի որոշումը դժգհության ալիք առաջացրեց։

Նշենք, որ այսօր Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական 2-րդ նիստն է։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Sputnik Արմենիա