Логотип

«Սրբազան պայքարի» գործով դատավորն ինքնաբացարկ չի ներկայացնի. հայտնի է հաջորդ նիստի օրը

«Սրբազան պայքարի» գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալների պաշտպանները բացարկ ներկայացրին նիստը նախագահող առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Հիմքում այն է, որ առանց պաշտպանների ներկայության քննարկվել ու երկարացվել են մեղադրյալների խափանման միջոցները այն դեպքում, երբ որոշների ժամկետն անգամ չէր ավարտվել։

«Քրեական դատավարության օրենսգիրքը չի պարտադրում որևէ մասնակցի, այդ թվում՝ դատարանին, երբ կալանքի ժամկետի երկարացման հարց չկա, այսինքն՝ հրատապության կոմպոնենտը չկա, լսել դա թեկուզ պատշաճ ծանուցված պաշտպանի բացակայության պայմաններում։ Ավելին՝ ՔՕ-ն ուղիղ նախատեսում է պաշտպանով ապահովելու ուղիղ կառուցակարգը, եթե անձը դա ցանկանում է»,– ասաց գործով անցնող պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Մեղադրող կողմը դեմ է դատավորի բացարկին, քանի որ, ըստ նրանց, հիմք չկա։ Դատախազները նշեցին, որ մեղադրյալների փաստաբանները պատշաճ ծանուցված են եղել։

«Եթե դատարանը կայացնում է կողմերից որևէ մեկին ոչ հարմար որոշում, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ դատարանին բացարկ ներկայացնելու համար»,– ասաց մեղադրողը։

Դատարանը մերժեց և ինաբացարկ չհայտնեց` շեշտելով, թե պաշտպանական կողմի դատողությունները սուբյեկտիվ են։

Նիստն ավարտվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ին, այնուհետև դրան հետևող յուրաքանչյուր հինգշաբթի:

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով փաստաբաններն օգոսոտի 21–ին կայացած նիստում բոյկոտեցին դատական նիստը։

Սակայն դատարանը քննեց դատախազների միջնորդությունները, բավարարեց ու երկարացրեց մեղադրյալների կալանքի ժամկետները։

Sputnik Արմենիա