Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին Գյումրիում առաջնորդարանի մոտ հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով, «սրբազան» վանկարկումներով և հոգևոր երգերով։ Հնչում են եկեղեցու զանգերը։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 17–ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ նա երկրորդ անգամ վիրահատվել էր։ Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում, նա պատասխանել էր. «Հոյակապ։ Լավ է, ամեն ինչ լավ է»։
Դրսում մեքենան նստելիս նրան մոտեցավ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը և գրկախառնվեց նրա հետ։ Սրբազանի հետ ողջագուրվեցին նաև ԲԿ–ի այլ բժիշկներ։
Նշենք, որ Սրբազանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա կշարունակի գտնվել բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարեց Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։
Այդ ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել և վերականգնողական փուլ էր անցնում Իզմիրլյան ԲԿ-ում։
News.am
