ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Այս պահին չեմ հիշում, թե ես ինչքան եմ ստացել, բայց այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ասաց նա։
Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։
Սրբուհի Գալյանը կարծում է, որ նախարարություններին տված պարգևավճարները համարժեք են իրենց կատարած աշխատանքներին։ Ըստ նրա` հաշվի են առնվել պաշտոնյաների կատարած աշխատանքն ու դրա ռիսկայնությունը։
«Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։ Օրինակ` հետվճարի ինստիտուտի մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այն արդեն հասանելի է, մենք խոստացել էինք, և հիմա գործում է արդեն համընդհանուր ապահովագրությունը»,– նշեց նա։
Sputnik Արմենիա
