Սփյուռքի կառույցներին որևէ հրահանգ կամ զեկույց չի եղել, որ չանդրադառնան Արցախի թեմային` չվնասելու համար ՀՀ արտաքին քաղաքականությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։
«Նման ցուցում չի տրվել որևէ մակարդակով, որևէ կառույցի, սփյուռքում որևէ անհատի, ավելին ասեմ` նման ցուցում չի տրվել անգամ մեզ. ինձ նման ցուցում չի եկել վարչապետից, որն անմիջական իմ ղեկավարն է։ Հետևաբար, վստահաբար կարող եմ ասել` ոչ»,– վստահեցրեց Սինանյանը։
Հարցին` արդյոք դա նշանակում է, որ նա կաշկանդված չէ Արցախի մասին հայտարարություններ անել։
«Ես գիտեմ, թե ինչ հայտարարություններ կարող եմ անել, և որ հայտարարություններն են համահունչ այսօրվա մեր արտաքին քաղաքականությանը, և այդ սահմաններում ես գիտեմ` ինչպես մնալ»,– եզրափակեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է այն մասին, որ Արցախի մասին խոսույթը պետք է սահմանափակվի, որ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Նրան վրդովվեցնում է անգամ այն, որ օրինակ, պատարագների ժամանակ տեքստից շեղվում են և հղում անում Արցախի Հանրապետությանը։ Ըստ ՀՀ վարչապետի` սա նշանակում է կոնֆլիկտ, և ամեն նման նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ։
Ի դեպ, օրեր առաջ նա հենց այս համատեքստում պաշտոնից ազատեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, որն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք էր նվիրել։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։
Sputnik Արմենիա
