Логотип

Սևանից հավելյալ 30 մլն խմ ջուր բաց կթողնվի. նախարարը ներկայացրեց նախագծի հրատապությունը

Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը թույլատրելի 170 մլն խմ–ից ավելացվեց մինչև 200 մլն խմ։ ԱԺ–ն այսօր 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, օգտագործման տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեցին պատգամավորներից 55–ը, դեմ`0, ձեռնպահ` 5։

Ի դեպ, այս նախագիծը ԱԺ քննարկման էր ներկայացվել արտահերթ նիստով և 24 ժամյա ռեժիմով. 1–ին և 2–րդ ընթերցումները տեղի ունեցան նույն նիստի ժամանակ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց նախագծի հրատապությունը` տևական չոր և շոգ եղանակով պայմանավորված` Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել է պլանավորվածից վաղ ջրբացթողումներ (նախորդ տարվա համեմատ շուրջ 10 օր)։

«Ոռոգման ջրի պահանջարկի, ջրաղբյուրների, ջրառաջարկի և առկա իրավիճակի վերլուծության արդյունքում հանգել ենք Սևանա լճից լրացուցիչ 30 մլն խմ ջրաքանակ վերցնելու անհրաժեշտությանը։ Հարկ եմ համարում շեշտել, որ մենք, ինչպես բոլորը, մտահոգ ենք Սևանա լճի պահպանության հարցով` որպես ռազմավարական ջրային պաշար, սակայն Արարատյան դաշտի ինտենսիվ ոռոգվող հողատարածքներում այլ ջրաղբյուրների բացակայությամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված փոփոխությունը»,– հայտարարեց նախարարը։

Խուդաթյանը վստահեցրեց, որ ջրառի չափաքանակի ավելացումը նորություն չէ, ու նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ ջրառի չափաքանակը հասել է մինչև 227 մլն խմ–ի, 228 մլն խմ–ի, 266 մլն խմ–ի, 169 մլն խմ–ի։

Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները կասկածներ հայտնեցին, որ այս նախագիծը ոչ միայն անբարենպաստ եղանակով է պայմանավորված, այլև նախօրեին ջրային ոլորտում տեղի ունեցած պաշտոնանկություններով, որոնք պատգամավորները որակեցին որպես վատ կառավարման արդյունք։

Հիշեցնենք` օգոստոսի 14–ի նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որ 2025 թվականին Սևանա լճից ոռոգման համար բաց կթողնվի մինչև 170 մլն խմ ջուր։ Որոշման մեջ նշվել է նաև, որ օգոստոսի 1–ից մինչև ոռոգման սեզոնի ավարտը համակարգին անհրաժեշտ է լրացուցիչ 157 մլն խմ ջուր, որից 64.39 մլն խմ պետք է վերցվի Սևանա լճից։

Հավելենք` օրենքով սահմանված է, որ ամեն տարի Սևանից կարելի է 170 մլն խմ ջրառ իրականացնել։

Sputnik Արմենիա